Նիկոլ Փաշինյանը խոսելով Սերժ Սարգսյանի հետ երկխոսություն սկսելու մասին, ասաց.
«Պատրաստ ենք քննարկել միայն իր հեռացման պայմանները: Սա երկխոսություն չէ: Ես երեկ ասեցի, որ մենք վենդետաներ չենք ուզում, վրեժխնդրություն չենք ուզում: Մենք ուզում ենք, որ իշխանության փոխանցումը ժողովդին լինի անցնցում»:
Լրագրողի դիտարկմանը, որ Սերժ Սարգսյանն ասում է կարող են անդառնալի կորուստներ լինեն, Փաշինյանն ասաց.
«Ես էլ եմ կարծում, որ կարող են անդառնալի կորուստներ լինել, դրա համար Սերժ Սարգսյանին կոչ եմ անում անհապաղ ընդունել մեր բոլոր պայմանները: Սա ուլտիմատում չէ, սա բխում է իրավիճակից: Իսկ Սերժ Սարգսյանի ասածը ուլտիմատում չէ՞»,- ասաց նա:
Նիկոլ Փաշինյանը նշեց, որ իրենց հավաքները եղել եւ շարունակում են մնալ խաղաղ, եւ համապատասխանում է հավաքների մասին օրենքին:
«Եթե ինքը մտահոգություններ, մտավախություններ ունի իր եւ իր ընտանիքի անդամների, թոռների համար, ապա ես երաշխավորում եմ, որ այդպիսի բան տեղի չի ունենա: Ներհայաստանյան թշնամանքի էջը փակված է,- ասաց Փաշինյանը, բացասական պատասխան տալով լրագրողի այն հարցին, թե հնարավոր է Մարտի մեկը կրկնվի:
Փաշինյանը ԱԱԾ պետին, եւ Ոստիկանապետին խորհուրդ տվեց զեկուցել երկրում տիրող իրավիճակի բոլոր մանրամասները, քանի որ ըստ Փաշինյանի՝ Սարգսյանը լիարժեք չի տիրապետում իրավիճակին: