00:00:00

Հավաքների մասնակիցների կողմից Երևան քաղաքում ավտոմեքենաներով խուլիգանական արարքներ կատարելու փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ. 3 անձ ձերբակալվել է

15:43, 21 ապրիլ 2018 Իրավական

2018թ. ապրիլի 13-ից մայրաքաղաքում մեկնարկած ապօրինի հավաքին մասնակցած անձինք, ՀՀ ոստիկանության կողմից հավաքը դադարեցնելու մասին որոշման պայմաններում շարունակում են հակաիրավական գործողությունները: 2018 թվականի ապրիլի 20-ին՝ ժամը 10-ից մինչև ապրիլի 21-ի ժամը 01:30-ը Երևան քաղաքում կազմակերպված ապօրինի հավաքի մի խումբ մասնակից անձինք նախնական համաձայնությամբ խուլիգանական մղումներով՝ խեղաթյուրված ձևով դրսևորելով իրենց ինքնահաստատման պահանջմունքը՝ արհամարհելով վարքագծի համընդհանուր կանոնները, բարոյական և իրավական նորմերը, ինչպես նաև այլ անձանց իրավունքներն ու ազատությունները, դրսևորելով բացահայտ անհարգալից վերաբերմունք հասարակության նկատմամբ, չենթարկվելով նշված հանցավոր գործողությունները դադարեցնելուն ուղղված ոստիկանության աշխատակիցների օրինական պահանջներին, իրենց և հասարակության անդամների համար ակնհայտորեն կոպիտ կերպով խախտել են հասարակական կարգը Երևան քաղաքում: Մասնավորապես շուրջ 60  ավտոմեքենաներով, դիտավորությամբ երթևեկության կանոնների ակնհայտ խախտումներով, տևական ժամանակ անընդմեջ ավտոմեքենաների համապատասխան սարքավորումներով և ձայնային ազդանշանների միջոցներով բարձր ձայներ արձակելով լուրջ անհանգստություն  են պատճառել Երևան քաղաքի բազմաթիվ բնակիչների՝ նաև գիշերային ժամերին խախտելով նրանց անդորրը, վերջիններիս համար ձևավորելով վախի և տագնապի մթնոլորտ: Նկատի ունենալով, որ նշված արարքներում առկա են հասարակության նկատմամբ բացահայտ անհարգալից վերաբերմունքով հասարակական կարգը կոպիտ կերպով խախտելու հանցագործության հատկանիշներ՝  ՀՀ ոստիկանության Կենտրոնական բաժնում հարուցվել  է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 1-ին մասով: Քրեական գործի նախաքննությունը հանձնարարվել է ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնին: Ձերբակալվել է 3 անձ, ձեռնարկվում են համապատասխան միջոցներ՝ առերևույթ հանցագործություն կատարած մյուս անձանց հայտնաբերելու ուղղությամբ: Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր