00:00:00

Լեւոն Արոնյանն ու շախմատիստներն աջակցում են Սերժ Սարգսյանին. հայտարարություն

03:20, 21 ապրիլ 2018

Շախմատի Հայաստանի հավաքականը հայտարարությունէ տարածել՝ իր աջակցությունը հայտնելով վարչապետ Սերժ Սարգսյանին։ Հայտարարության մեջ ասվում է. «Հարգելի հայրենակիցներ, Օրեր առաջ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի կողմից վարչապետի պաշտոնում ընտրվեց ՀՀ երրորդ նախագահ, Հայաստանի շախմատի ֆեդերացիայի նախագահ Սերժ Սարգսյանը, ինչի կապակցությամբ շնորհավորում ենք Սերժ Սարգսյանին եւ մեր աջակցությունն ենք հայտնում նրան՝ ի բարօրություն եւ ի շահ մեր երկրի ու ժողովրդի: Երկար տարիներ աշխատելով Սերժ Սարգսյանի հետ, մենք՝ շախմատիստներս, ավելի քան զգացել ենք նրա պատրաստակամությունն ու նվիրումը՝ անել ամեն ինչ Հայաստանի ու հայ ժողովրդի նվաճումների համար։ Այդ ամենը բազմիցս ապացուցվել է մեր հաջողություններով, ինչի արդյունքում բազմաթիվ առիթներ ենք ունեցել հպարտանալու մեր երկրով, մեր ժողովրդի ստեղծագործ եւ մտավոր ուժով։ Հենց Սերժ Սարգսյանի առաջնորդությամբ է, որ Հայաստանի շախմատի ազգային հավաքականը 3 անգամ նվաճեց օլիմպիական չեմպիոնի եւ մեկ անգամ էլ աշխարհի չեմպիոնի կոչումը՝ փաստորեն դառնալով աշխարհի ամենատիտղոսակիր հավաքականը: Համոզված ենք, որ շախմատի ոլորտում մեր ունեցած ու շարունակվելիք հաջողությունները ձեռք են բերվել այդ թվում նաեւ մեր այն ներքին համոզման ու վստահության, որ Հայրենիքում բոլորս միասնական ենք, մի ուժ ենք ու ուս ուսի կանգնած։ Այսօր եւս մեկ անգամ ուզում ենք վերահաստատել մեր այդ համոզումը, որ մեր ներքին միասնությունն ու ուժը մեր հաղթանակների առհավատչյան են եղել ու կլինեն։ Հաշվի առնելով այս օրերին մեր երկրում տեղ գտած իրադարձությունները՝ կոչ ենք անում բոլոր կողմերին մնալ ողջամտության դաշտում եւ ազգային բացառիկ համերաշխության ոգուն հավատարիմ։ Անթույլատրելի ենք համարում բոլոր այն քայերը, կոչերն ու գործողությունները, որոնք կարող են վնասել թե մեր երկրին, թե մեր հասարակության յուրաքանչյուր անդամի։ Հավատացած ենք, որ որեւէ իրավունք չպետք է սահմանափակվի, միաժամանակ սակայն, որեւէ իրավունքի իրացում չպետք է ոտնահարի այլոց իրավունքներն ու խաչ քաշի մեր ձեռքբերումների վրա: Համոզված ենք, որ որպես շախմատային պետություն, միահամուռ ջանքերով կկարողանանք գտնել իրավիճակի լավագույն լուծումը»,- ասվում է հայտարարության մեջ Հայտարարությունը ստորագրել են օլիմպիական չեմպիոններ, միջազգային գրոսմայստերներ Լեւոն Արոնյանը, Սմբատ Լպուտյանը, Վլադիմիր Հակոբյանը, Արտաշես Մինասյանը, Գաբրիել Սարգսյանը, Տիգրան Լ. Պետրոսյանը, Ռաֆայել Վահանյանը, հավաքականի անփոփոխ գլխավոր մարզիչ, միջազգային գրոսմայստեր Արշակ Պետրոսյանը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր