«Իմ քայլը» նախաձեռնության ղեկավար, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության առաջնորդ Նիկոլ Փաշինյանն ու իր աջակիցները երթով Արշակունյաց պողոտայից մտան «Սուրմալու» տոնավաճառ: Նրանք վանկարկում են «գործադուլ»:
Փաշինյանը հայտարարեց, որ այնքան քիչ է առեւտուրը, որ առանց այդ էլ գործադուլի մեջ եք:
Այնուհետեւ ցուցարարները հասան «Փեթակ» տոնավաճառին, որի մուտքը ոստիկանները փակել էին, սակայն ցուցարարները Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ ճեղքեցին ոստիկանների շղթան եւ մոտեցան «Փեթակ»-ի շենքին: Ոստիկանները փակեցին տոնավաճառի դռները եւ կանգնեցին դրանց դիմաց:
Փաշինյանը տոնավաճառի աշխատակիցներին տեղեկացրեց, որ այսօր երեկոյան ժամը 19-ին հանրահավաք է տեղի ունենալու Հանրապետության հրապարակ: «Ես պահանջում եմ բացել դռները, ես մտնում եմ առեւտուր անելու»,-ասաց Նիկոլ Փաշինյանը:
«Փեթակ» առևտրի կենտրոնի մոտ ոստիկանական պատի առաջ կանգնելով՝ Նիկոլ Փաշինյանը կոչ արեց, որ մինչ ոստիկանական լրացուցիչ ուժեր բերեն Փեթակ կենտրոն, քաղաքացիները գնան և շրջափակեն Կառավարական շենքերը: «Կոչ եմ անում հնարավորության դեպքում մտնել ներս ու ներսում հայտարարել նստացույցեր»,-ասաց նա: Վալերի Օսիպյանը պահանջեց օրենքի շրջանակներում գործել:
«Ես եմ ձեզ համար օրենքներ ընդունում, Դուք ինձ մի՛ ասեք՝ ինչ անել: Անգիր գիտեմ «Հավաքների ազատության մասին» օրենքը»,-ասաց Փաշինյանը և նշեց, որ եթե ոստիկանները բացեն առևտրի կենտրոնի մուտքերը՝ կտեսնեն, որ ոչ մեկի ազատ մուտքը չեն խոչընդոտել: