00:00:00

Անիի Մայր տաճարը կվերականգնվի

02:02, 19 ապրիլ 2018 Աշխարհ

Ներկայիս Թուրքիայի տարածքում գտնվող պատմական Անի մայրաքաղաքի գլխավոր տաճարը՝ Սբ. Աստվածածին Կաթողիկե եկեղեցին կվերականգնվի: Այս մասին հայտարարել է Կարսի թանգարանի տնօրեն Նեջմեթթին Ալփը: Ալփի խոսքերով ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային մշակութային ժառանգության հիմնական ցուցակում ընդգրկված ավերակ քաղաքի ամենամեծ ճարտարապետական հուշարձանի՝ Մայր տաճարի վերականգնման աշխատանքները կսկսվեն ապրիլի վերջին: «Հուշարձանի վերականգնման համար արձանագրություն է ստորագրվել Թուրքիայի մշակույթի և զբոսաշրջության նախարարության թանգարանների վարչության և Համաշխարհային հուշարձանների ֆոնդի միջև: Այդ արձանագրության շրջանակներում Մայր տաճարի վերականգնման թեմայով ժողով են գումարել հուշարձանների վարչության, Էրզրումի երկրաբանության և հուշարձանների վարչության և մշակութային ժառանգության պահպանման վարչության մասնագետները: Տեխնիկական աշխատանքների ավարտից հետո շինարարության համար հայտարարված մրցույթը շահած ընկերությունը սկսել է աշխատանքները»,- ասել է Կարսի թանգարանի տնօրենը: Ալփը հայտարարել է, որ վերականգնման աշխատանքները ընգրկելու են նաև եկեղեցու շուրջ վերջին տարիներին արված պեղումների արդյունքում բացված կից շինությունների մնացորդները: Թուրք պաշտոնյայի խոսքով այս տարվա ամառային սեզոնի ընթացքում նախատեսվում է զգալի աշխատանք կատարել: Անիի Մայր տաճարը` Անիի Կաթողիկե Ս. Աստվածածնի եկեղեցին, 989-ին հիմնադրել է Հայոց թագավոր Սմբատ Բ Տիեզերակալը, շինարարությունը 1001-ին ավարտել է Հայոց թագավոր Գագիկ Ա Բագրատունու կինը՝ Կատրանիդե թագուհին: Կառուցել է Տրդատ ճարտարապետը: Անիի Մայր տաճարն իր կոթողային ձևերով և հարուստ հարդարանքով խորհրդանշել է վերածնված հայկական պետության հզորությունը: Այն դասվում է հայ և համաշխարհային ճարտարապետական լավագույն նմուշների շարքին:
Աղբյուր`  ermenihaber.am

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր