00:00:00

Թուրքական լրատվամիջոցների անդրադարձը Հայաստանում տեղի ունեցող բողոքի ցույցերին

01:29, 19 ապրիլ 2018 Աշխարհ

Թուրքական գրեթե բոլոր լրատվամիջոցներն անդրադարձել են Հայաստանում վերջին օրերին տեղի ունեցող իրադարձություններին: Ermenihaber.am-ն առանձնացրել է թուրքական առաջատար էլեկտրոնային լրատվամիջոցների այդ թեմայով հրապարակումների ուշագրավ հատվածները: «Hurriyet» թերթի կայքը «Հայաստանում ցույցերը տարածվում են. թավշյա հեղափոխություն է հայտարարվել» հոդվածում գրում է. «Նախկին նախագահ Սերժ Սարգսյանի՝ 10 տարի երկիրը ղեկավարելուց հետո այժմ էլ վարչապետի պաշտոնում երկրի ղեկավարումը շարունակելու մտադրությունը ապստամբության ու խռովությունների  պատճառ է դարձել: Մայրաքաղաք Երևանում սկսված քաղաքացիական անհնազանդության ակցիաները տարածվել են նաև այլ քաղաքներում՝ կաթվածահար անելով երկրի բնականոն կյանքը: Սարգսյանի վարչապետության դեմ տեղի ունեցող բողոքի ցույցերն առաջնորդող «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը հայտարարել է երկրում թավշյա հեղափոխության մեկնարկի մասին»: Թերթը գրում է նաև ցույցերի ընթացքում մայրաքաղաքի որոշ հատվածներում ակտիվիստների ու ոստիկանների միջև տեղի ունեցած բախումների մասին: Ըստ թուրքական կայքի տեղեկությունների՝ 30 ցուցարար է ձերբակալվել: Թուրքական աղբյուրը նաև գրում է, որ տեղեկություններ են շրջանառվում այն մասին, թե Սարգսյանը վարչապետ դառնալուց հետո «անվտանգության ուժերին հրամայելու է ճնշել խռովությունը»: «Hurriyet»-ը թեմայի վերաբերյալ «Հայաստանը փշերի վրա է» մեկ այլ հրապարակման մեջ՝  հղում անելով Նիկոլ Փաշինյանի վերջին ելույթին, գրում է, որ բողոքի միջոցառումները տարածվել են այլ քաղաքներում ու բնակավայրերում: Հայաստանում ստեղծվել է «թավշյա հեղափոխության կոմիտե», որը պետք է համակարգի գործընթացը մինչև ցանկալի արդյունքին հասնելը: Նշվում է, թե տեղեկություններ կան, որ արդեն վարչապետ ընտրված Սերժ Սարգսյանը ուժայիններին հրաման է տալու ցրել բողոքի ցույցերը: Թուրքական «Birgün» թերթի կայքը «Հայաստանում Սարգսյանը  վարչապետ է ընտրվել ցույցերի ներքո»  հոդվածում գրում է. «Հայաստանի խորհրդարանը, հակառակ լայնածավալ ցույցերին, 77 կողմ և 17 դեմ ձայների հարաբերակցությամբ նախկին նախագահ Սերժ Սարգսյանին ընտրել է վարչապետ: Սերժ Սարգսյանի վարչապետ դառնալը մայրաքաղաք Երևանում տասնայակ հազարավոր ցուցարարների մասնակցությամբ բողոքի ակցիայի պատճառ է դարձել: Հայաստանի դրոշը պարզած ցուցարարները «առանց Սերժի Հայաստան» կարգախոսեր են հնչեցրել»: Կայքը մեջբերումներ է արել ֆրանսիական «AFP» գործակալությանը ցուցարարների տված մեկնաբանություններից: Նրանք բողոքել են Սարգսյանի 3-րդ պաշտոնավարումից՝ նշելով, որ դա երկիրը տանում է ավտորիտարիզմի: Աղբյուրն անդրադարձել է նաև թավշյա հեղափոխության մասին Նիկոլ Փաշինյանի արած հայտարարություններին, ինչպես նաև գործողությունների վերաբերյալ Սերժ Սարգսյանի մեկնաբանությանը: «Եթե ցանկանում եք ապրել բարգավաճ ու լուսավոր Հայաստանում, չպետք է նորից ակտիվացնել մարած հրաբուխները: Հրաբուխները չեն ակտիվանա, եթե որևէ մեկը չսադրի»,-Սարգսյանի խոսքը մեջբերել է թուրքական լրատվամիջոցը: Կայքը հիշեցրել է 2008  թվականի նախագահական ընտրություններին հաջորդած հանրահավաքների մասին «Իր գործունեությունը ռազմական ոլորտում սկսած Սարգսյանը 2007-2008թթ վարչապետ է եղել, այնուհետև 2008-ին ընտրվել է նախագահ: Ընտրություններում նրա մրցակից Լևոն Տեր-Պետրոսյանի կողմնակիցները, չհամաձայնելով ընտրության արդյունքների հետ, հանրահավաքներ էին սկսել, ինչի ժամանակ ոստիկանության հետ բախումների հետևանքով 10 մարդ էր զոհվել»: Իշխանամետ «YeniŞafak» թերթի կայքը հայաստանյան իրադարձությունները ներկայացրել է «Սերժ Սարգսյանի դեմ ապստամբություն Հայաստանում» վերնագրով: Լրատվամիջոցը համառոտ անդրադարձ է կատարել բողոքի ակցիաներին՝ նշելով, որ ոստիկանների ու ցուցարարների բախումների հետևանքով կան վիրավորներ: Թուրքական առցանց լրատվամիջոցների վերնագրերում 2 հիմնական շեշտադրում է արվում: Առաջինը՝ Հայաստանում թավշյա հեղափոխության մեկնարկի մասին, երկրորդը՝ հանրահավաքների ուղեկցությամբ Սարգսյանի ընտրվելու մասին: Ստորև ներկայացնում ենք այդ վերնագրերից առավել ուշագրավները՝ «Հակառակ ցույցերին՝ Սերժ Սարգսյանն ընտրվել է վարչապետ» (Haberler.com) «Հայաստանում «հեղափոխական կոմիտե» է ստեղծվել» (Haber7.com) «Թավշյա հեղափոխություն Հայաստանում. շրջափակվում են պետական կառույցները» (ensonhaber.com) «Հայաստանում բախումները շարունակվում են» (Akittv.com.tr) «Հայաստանում շարունակվում են ընդդիմության բողոքի ակցիաները» (Haberturk.com) «Բողոքների թիրախում գտնվող Սարգսյանը Հայաստանի նոր վարչապետ է ընտրվել» (kurdistan24.net) «Եվ Սարգսյանն ընտրվեց» (odatv.com)
Աղբյուր`    Ermenihaber.am

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր