Սնանկության դատարանի դատավորներ Արա Կուբանյանին եւ Գեւորգ Նարինյանին մեղադրանք առաջադրելուց հետո դատավարական կամ քննչական որեւէ գործողություն չի իրականացվել։
NEWS.am-ի հետ զրույցում փաստաբան Վարազդատ Բադալյանը հայտնեց, որ Նարինյանը շարունակում է մնալ կալանքի տակ. Վերաքննիչ քրեական դատարանը մերժել է առաջին ատյանի որոշման դեմ բողոքը։
«Մենք համոզված ենք մեր վերաքննիչ բողոքի հիմնավորվածության մեջ եւ համոզված են առաջին ատյանի դատարանի ապօրինի եւ անհիմն լինելու մեջ։ Սակայն Վերաքննիչ դատարանի մերժման հիմնավորումներին դեռ ծանոթ չենք։ Սպասում ենք Վերաքննիչ դատարանի որոշմանը, որպեսզի հիմնավորումներին ծանոթանանք եւ քննարկենք Վճռաբեկ դատարան բողոք ներկայացնելու հարցը»,- հայտնեց Բադալյանը։
Նա նշեց, որ Նարինյանն իրեն առաջադրված մեղադրանքը չի ընդունում։
Հարցին՝ արդյոք Նարինյանի մեղադրանքի հիմքում ցուցմունք կա՞, Բադալյանն ասաց. «Դատարան ներկայացվել էին որոշակի ծավալով փաստական տվյալներ, որոնց բովանդակությունը չեմ կարող ասել»։
Հարցին՝ արդյոք Նարինյանին կալանավորելը համատեղելի՞ է իրեն առաջադրված մեղադրանքի հետ, Բադալյանն ասաց. «Եթե ակտը համարեինք հիմնավորված, օրինական, ապա վերաքննիչ բողոք էլ չէինք ներկայացնի։ Գտնում ենք՝ հիմնավոր կասկած առնվազն չկա։ Առաջին գործողությունը եղել է խուզարկությունները, դրանից 6 օր հետ է Նարինյանին կալանավորելու որոշում կայացվել, մինչեւ այդ Նարինյանը նույնիսկ մեղադրյալի կարգավիճակ չի ունեցել, բայց իր համար արդեն պարզ է եղել եւ՛ իրեն առաջդրված մեղադրանքի էությունն ու եւ ծավալը։ Հետեւաբար, այդ մոտ մեկ շաբաթվա ընթացքում թաքնվելու, խոչընդոտելու որեւէ գործողություն կդրսեւորեր, որը չի եղել։ Նրա կողմից քննությանն անգամ որեւէ խոչընդոտելու փորձ չի կատարվել»։
NEWS.am-ը զրուցեց նաեւ Կուբանյանի փաստաբանի՝ Կրոմվել Գրիգորյանի հետ, որը նույնպես նշեց՝ քննչական կամ դատավարական որեւէ գործողություն չի իրականացվել. «Իր հետ ոչ մի գործողություն չկա։ Նրան մեղադրանք է առաջադրվել, որ իր վարույթում է գտնվել այդ գործը»։
Նա նշեց, որ Կուբանյանն իրեն առաջադրված մեղադրանքը չի ընդունում։
Գրիգորյանը նշեց նաեւ, որ Կուբանյանի նկատմամբ խափանման միջոց ընտրված չէ։
Հիշեցնենք, որ ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը հուլիսի 16-ին միջնորդություն էր ներկայացրել ԲԴԽ՝ ԱԱԾ-ում քննվող քրեական գործի շրջանակներում 2 դատավորների նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու եւ նրանց ազատությունից զրկելու համաձայնություն ստանալու նպատակով, ինչը հուլիսի 17-ին ԲԴԽ-ն բավարարել։
Գեւորգ Նարինյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ 38-308-րդ հոդվածի 2-րդ մասով (պաշտոնեական լիազորությունները չարաշահելուն օժանդակելը), ՔՕ 190-րդ հոդվածով (հանցավոր ճանապարհով գույքն օրինականացնելը), 310.1-րդ հոդվածով (ապօրինի հարստանալը), 314.3-րդ հոդվածով (Հայտարարագրում կեղծ տվյալներ ներկայացնելը կամ հայտարարագրման ենթակա տվյալները թաքցնելը)։
Արա Կուբանյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ 308-րդ հոդվածի 2-րդ մասով (պաշտոնեական լիազորությունները չարաշահելու հատկանիշներով):