00:00:00

Եղեգնուտ համայնքում հանրաքվե չի լինի. ԿԸՀ–ն կարճեց վարույթը

16:01, 20 օգոստոս 2020

Արմավիրի մարզի Եղեգնուտ համայնքի  ավագանու  անդամներ Ռազմիկ Աբրահամյանի, Հովհաննես Հակոբյանի, Մարտուն Մկրտչյանի և Անտոն Խուրշուդյանի 27.07.2020 թվականի  դիմումով հարուցված վարչական վարույթը ԿԸՀ–ն այսօր՝  օգոստոսի 20-ին, կարճեց։ Այս մասին Կենտրոնական ընտրական հանձնաժողովի արտահերթ նիստի արդյունքում հայտարարեց  Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանը: «Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հարցումներով պարզել է, որ 2020 թվականի օգոստոսի 20-ի դրությամբ թիվ 15 տարածքային ընտրական հանձնաժողովի կողմից տեղական հանրաքվե կազմակերպելու և  անցկացնելու ուղղությամբ աշխատանքներ չեն իրականացվել: ԿԸՀ կարող է իրականացնել գործառույթային օժանդակություն միայն այն դեպքում, երբ օրենքով սահմանված կարգով նշանակված է տեղական հանրաքվե և տեղական  հանրաքվե նշանակելու մասին որոշումն ու տեղական հանրաքվեն նախապատրաստելու և անցկացնելու  համար անհրաժեշտ ֆինանսական միջոցառումների տրամադրումը  հավաստող փաստաթղթերը համայնքի ղեկավարը ներկայացրել է համապատասխան տարածքային ընտրական հանձնաժողով, և վերջինս իրականացնում է տեղական հանրաքվեն կազմակերպելուն և անցկացնելուն  ուղղված աշխատանքներ: Վերը նշված պայմանների բացակայությամբ ակնհայտ է, որ  դիմումատուների պահանջն անիրագործելի է, ինչը դիմումը դարձնում է անթույլատրելի»,- ասաց  Տիգրան Մուկուչյանը: Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահը  ներկայացրեց նաև, որ  Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին ՀՀ օրենքի 50-րդ հոդվածի առաջին մասի բ կետի համաձայն՝ դիմումով հարուցված վարչական վարույթը կարճվում է, եթե  դիմումն անթույլատրել է: Դիմումատուները որոշումը կարող են բողոքարկել Վարչական դատարան օրացուցային 3 օրվա ընթացքում: Տիգրան Մուկուչյանը նշեց, որ մոտեցումը հետևյալն է. «Միայն  պատշաճ կարգով, օրենքով սահմանված հանրաքվե նշանակելուց հետո է, որ հնարավոր կլինի  իրականացնել այդ գործառույթները, ըստ էության, սա է որոշման նախագիծը»: ԿԸՀ անդամների 6 կողմ և 0 դեմ ձայներով կարճման մասին որոշումն ընդունվեց, Տիգրան Մուկուչյանն ասաց, որ նիստի ավարտից հետո այն սահմանված կարգով կհրապարակվի նաև ԿԸՀ-ի համացանցային կայքով և կներկայացվի նաև դիմումատուներին: Հիշեցնենք, որ Եղեգնուտ համայնքի  ավագանու անդամներ  Ռազմիկ Աբրահամյանը, Հովհաննես Հակոբյանը, Մարտուն Մկրտչյանը և Անտոն Խուրշուդյանը նիստին չէին  ներկայացել: Նշենք, որ օգոստոսի 11-ին Եղեգնուտ համայնքում  տեղական հանրաքվե անցկացնելու միասնական դիմումի քննարկման նիստին 15-րդ  ընտրատարածքի  հանձնաժողովին  ներկայացված վարույթը  կարճվել էր, քանի որ  դիմումում եղել են 2 բացթողումներ: Դրանցից մեկն այն է, որ հստակ նշված չէր հանրաքվեն անցկացնելու համար ֆինանսական աղբյուրը, երկրորդն էլ այն է, որ համայնքի ղեկավարը պետք է նշանակի քվեարկության օր, որը  դիմումում առկա չի եղել: Հիշեցնենք նաև, որ Եղեգնուտի նախկին գյուղապետը՝ Ռազմիկ Մարգարյանը, 2018թ․ իշխանափոխությունից հետո վաղաժամկետ վայր էր դրել իր լիազորությունները գյուղացիների ճնշման տակ, այնուհետեւ, այդ ժամանակվա մարզպետ Գագիկ Միրիջանյանի որոշմամբ գյուղապետի պաշտոնակատար է նշանակվել Ռազմիկ Մկրտչյանը: Ռազմիկ Մարգարյանը դիմել է նախ վարչական, ապա վերաքննիչ դատարան՝ պահանջելով անվավեր ճանաչել մարզպետի որոշումն ու իրեն վերադարձնել գյուղապետի լիազորությունները։ Վարչական դատարանը մոտ 1,5 տարի տեւած դատաքննությունից հետո անվավեր է ճանաչել Արմավիրի նախկին մարզպետ Գագիկ Միրիջանյանի՝ Ռազմիկ Մկրտչյանին «Եղեգնուտ համայնքի ղեկավարի պաշտոնակատար նշանակելու մասին» թիվ 287 որոշումը: Ավագանին որպես խնդրի լուծում առաջարկում է տեղական հանրաքվե անցկացնել այս հարցով։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր