«Մենք սգում ենք պատերազմի ընթացքում անգին կյանքեր կորցրած մարդկանց, ինչպես նաև նրանց ընտանիքների համար: Պատերազմի ավարտի օրվանից 75 տարի մարդկանց ջանքերով մեր երկիրն ապրում է խաղաղության և բարգավաճման մեջ, բայց երբ հիշում ենք մեր ժողովրդի ճանապարհին հանդիպած աղետների մասին` առիթ կա մտածելու: Այստեղ մենք մտածում ենք պատերազմից հետո խաղաղության շարունակական տարիների մասին և խոր ափսոսանք զգում անցյալի նկատմամբ, ցանկանում ենք, որ պատերազմի սարսափներն այլևս չկրկնվեն: Աղոթում եմ ամբողջ աշխարհում խաղաղության և մեր երկրի բարգավաճման համար»,-ասել է կայսրը:
Նա նշել է նաև, որ այժմ Ճապոնիան և աշխարհը բախվել են նոր աղետի` նոր կորոնավիրուսային համավարակին, և հույս է հայտնել, որ միասնական ջանքերով կհաջողվի հաղթահարել այն:
«Ես ցանկանում եմ, որ մենք ձեռք ձեռքի տված հաղթահարենք այս դժվարությունները, որպեսզի սրանից հետո էլ մեր մարդիկ ապրեն խաղաղ և երջանիկ»,-ասել է միապետը:
Այսօր` օգոստոսի 15-ին, Ճապոնիան նշում է 75-րդ տարելիցն այն օրվա, երբ Ճապոնիայի կայսր Հիրոհիտոն` ներկայիս կայսեր պապը, հայտարարեց Ճապոնիայի` պատերազմից դուրս գալու մասին, որը փաստացիորեն դարձավ երկրի պարտության ընդունումը: Ճապոնիայում այսօր տեղի է ունենում Երկրորդ համաշխարհային պատերազմի զոհերի հիշատակին նվիրված արարողություն: