00:00:00

Համավարակը կարող է ահաբեկչության եւ բռնի ծայրահեղականության տարածման կատալիզատոր դառնալ. ՄԱԿ

19:53, 07 օգոստոս 2020 Աշխարհ

Այս տարվա առաջին եռամսյակում ֆիշինգային կայքերի  350 տոկոս աճ է գրանցվել որոնցից շատերն ուղղված են հիվանդանոցներին եւ առողջապահական համակարգերին եւ խոչընդոտել են դրանց աշխատանքը COVID-19-ի համավարակի դեմ պայքարում, հայտարարել է ՄԱԿ-ի հակաահաբեկչական վարչության ղեկավար Վլադիմիր Վորոնկովը, փոխանցում է AP-ն: Նա ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին հայտնել է, որ ֆիշինգային կայքերի թվի աճը «վերջին ամիսներին կիբերհանցագործությունների զգալի աճի մի մաս էր»: Նա նշել է, որ ՄԱԿ-ը եւ համաշխարհային փորձագետները դեռ լիովին չեն հասկանում «համաճարակի ազդեցությունն ու հետեւանքները համաշխարհային խաղաղության եւ անվտանգության եւ, մասնավորապես, կազմակերպված հանցավորության եւ ահաբեկչության վրա»: «Մենք գիտենք, որ ահաբեկիչներն օգտագործում են COVID-19-ի առաջացրած տնտեսական դժվարությունները` վախի, ատելության եւ պառակտման տարածման եւ նոր աջակիցների արմատականացման եւ հավաքագրման համար,- ասել է Վորոնկովը:- Համավարակի ընթացքում ինտերնետի օգտագործումը եւ կիբերհանցագործությունների աճն ավելի է խորացնում խնդիրը»: Նա նշել է, որ քննարկումները ցույց են տվել ընդհանուր ընկալումն եւ մտավախությունն առ այն, որ «ահաբեկիչները միջոցներ են ստանում թմրամիջոցների, ապրանքների, բնական պաշարների եւ հնաոճ իրերի ապօրինի շրջանառությունից, ինչպես նաեւ փրկագին, շորթում եւ այլ զարհուրելի հանցագործություններ կատարելու համար»: ՄԱԿ-ի անդամ երկրները «իրավացիորեն կենտրոնացած են առողջական արտակարգ իրավիճակների եւ COVID-19-ի հետեւանքով առաջացած հումանիտար ճգնաժամի լուծման վրա»,- ասել է նա` կոչ անելով չմոռանալ ահաբեկչության սպառնալիքի մասին: Ըստ Վորոնկովի` աշխարհի շատ մասերում «ահաբեկիչներն օգտագործում են տեղական հուսախաբությունը եւ սխալ կառավարումը՝ վերակազմավորման եւ վերահսկողություն հաստատման համար»: «Համավարակը կարող է կատալիզատոր դառնալ ահաբեկչության եւ բռնի ծայրահեղականության տարածման, անհավասարության սաստկացման, սոցիալական համախմբվածության խաթարման եւ տեղական հակամարտությունների աշխուժացման համար,- ասել է Վորոնկովը:- Մենք պետք է շարունակենք մեր պայքարն ահաբեկչական խմբավորումների եւ հանցավոր ցանցերի դեմ, որպեսզի նրանց համար անհնար լինի օգտագործել COVID-19 ճգնաժամը»:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր