«Կորոնավիրուսի ազդեցությունը տարածվում է ոչ միայն վերակենդանացման բաժանմունքների վրա, որոնք լի են «Քովիդ-19»-ով վարակված հիվանդներով: Այն անմիջական, բացասական ազդեցություն է գործում նաև առողջապահական համակարգերի աշխատանքային հնարավորությունների վրա աշխարհով մեկ»,- CNN-ի փոխանցմամբ՝ հայտարարել է ԱՀԿ արտակարգ ծրագրերի ղեկավար Մայք Ռայանը:
Նրա խոսքով՝ կազմակերպությունը վերլուծում է ԱՀԿ անդամ երկրների կողմից վերջերս իրականացված ուսումնասիրությունները:
Ըստ այդ տվյալների՝ անդամ երկրների երեք քառորդը հայտնել է առողջապահական ծառայությունների լիակատար գերծանրաբեռնվածության մասին:
Ռայանը հավելել է, որ տնտեսական հետևանքները ևս անմիջական ազդեցություն են ունենում «բազմաթիվ մարդկանց գնողունակության վրա այնպիսի պայմաններում, երբ առողջապահական ծառայությունների հասանելիությունը տարբեր երկրներում վճարովի է:
«Այս պարագայում, երբ առողջապահական ծառայություններն առավել դժվարամատչելի են դառնում, և երբ մարդկանց եկամուտները կրճատվում են, մտավախություն ունենք, որ մարդիկ ոչ ճիշտ ընտրություն կանեն՝ չդիմելու առողջապահական համակարգին»,- ասել է մասնագետը: