Իմքայլական պատգամավորների առասպելական գործուղումների, օրապահիկների ու արկածների հարցը մամուլում ու սոցցանցերում ժամանակ առ ժամանակ քննարկումների առիթ է դառնում: Նախկին իշխանության ներկայացուցիչները քննադատում են ներկայիս պատգամավորներին, թե բյուջեով գործուղումների համար հատկացված միջոցները գերազանցել են ու առիթ-անառիթ մեկնել գործուղման: Ներկայիս իշխանության ներկայացուցիչներն էլ հիշեցնում են նախկինների «վոյաժների» սիրահար եւ շոփոգոլիկ ներկայացուցիչների մասին: Aravot.am-ը ԱԺ աշխատակազմին հարցում է արել՝ պարզելու, թե հեղափոխությունից առաջ՝ 2017-ի ապրիլից մինչեւ 2018-ի ապրիլն ընկած ժամանակահատվածում եւ հեղափոխությունից հետո՝ 2019-ի հունվարից մինչեւ 2020-ի հունվարն ընկած ժամանակահատվածում 6-րդ եւ 7-րդ գումարման Ազգային ժողովի պատգամավորները ·
որքա՞ն գումար են ծախսել գործուղումների վրա ·
բացի հատկացված միջոցներից հավելյալ միջոցներ ներգրավվե՞լ են գործուղումների համար
յուրաքանչյուր գործուղման ծախսը որքա՞ն է կազմել՝ ավիատոմս, հյուրանոց եւ այլն · գործուղումների ճանապարհածախս, կեցություն եւ այլն…եղել է բյուջեի՞ հաշվին, թե՞ հոգացել է հրավիրող կողմը
Այսպիսով, ներկայացնենք պայմանական ասած «հեղափոխականների» եւ «հակահեղափոխական» պատգամավորների ամենաուշագրավ գործուղումները: Նախ, հեղափոխությունից հետո առաջին գործուղումները եղել են դեպի Ստրասբուրգ, այնուհետեւ՝ Բրյուսել, այնուհետեւ Մոսկվա ու Ստեփանակերտ, հետո՝ Վիեննա, Լոս Անջելես եւ այդպես շարունակ: 2019-ի ապրիլի 4-10-ը ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի պատվիրակությունը եղել է Դոհայում՝ Կատարի պետություն: Ուշագրավ է, որ 13 հոգուց բաղկացած պատվիրակության կազմում հյուրանոցի ծախսը յուրաքանչյուրի համար կազմել է առավելագույնը 666 հազար դրամ, իսկ Արարատ Միրզոյանի հյուրանոցային համարի ծախսը 900 հազարից ավելի է եղել:
Նույն կերպ անհասկանալի է պաշտոնական այցով Ստոկհոլմ կատարած գործուղման հյուրանոցային ծախսի հաշիվը: 2019-ի հունիսի 10-ից 13-ը Ստոկհոլմում, օրինակ, պատգամավոր Հռիփսիմե Գրիգորյանի հյուրանոցային ծախսը կազմել է 147 հազար դրամ, Արարատ Միրզոյանի հյուրանոցային ծախսը նույն 3 օրվա համար կազմել է 316 հազար դրամ: Իսկ իրենց պատվիրակության կազմում մեկնած ԱԺ արարողակարգի վարչության պետ Արտակ Հովհաննիսյանի հյուրանոցային ծախսը նորից 3 օրվա համար կազմել է, ուշադրություն՝ 835 հազար դրամից ավելի, սրան գումարենք ավիատոմսի արժեքը՝ 352 հազար դրամ, ստացվում է, որ 3 օրում արարողակարգի վարչության պետին հետները տանելու համար բյուջեից վճարել ենք 1 մլն 187 հազար դրամ: Մոտ 800 հազարական դրամ էլ վճարել ենք ԱԺ օպերատորի ու լուսանկարչի համար: 2019-ի մայիսի 31-ից հունիսի 3-ը Բրատիսլավա կատարած 4-օրյա այցի համար ընդդիմադիր պատգամավորի՝ Գեւորգ Գորգիսյանի համար հյուրանոցի ծախսը կազմում է 208 հազար դրամ, իսկ իշխանական պատգամավորի՝ Անդրանիկ Քոչարյանի համար՝ 295 հազար դրամ: 2019-ի հունիսի 24-ից 28-ը ԱԺ փոխնախագահ Լենա Նազարյանը Մանե Թանդիլյանի եւ այն ժամանակ Արարատ Միրզոյանի խորհրդական Քրիստինե Գրիգորյանի հետ գործուղման են մեկնել Տոկիո: Նույն օրը մեկնել են, նույն օրը վերադարձել, բայց Թանդիլյանի ու Գրիգորյանի ավիատոմսը բյուջեի վրա արժեցել է 644 հազար դրամ, իսկ Լենա Նազարյանինը՝ 1 մլն 207 հազար դրամ, 212 հազար դրամ էլ հյուրանոցի ծախսն է կազմել: Երբ փորձում ենք հասկանալ՝ այդ ի՞նչ կարեւոր առաքելությամբ է Ճապոնիա մեկնել տիկին Նազարյանը, որ կարող է արդարացնել այս հսկայական ծախսը, պարզվում է՝ գնացել է «Կին քաղաքական առաջնորդներ» միջոցառմանը մասնակցելու համար:
Միայն 2019-ի հունիսի 24-28-ը իմքայլական պատգամավորներ Համազասպ Դանիելյանի եւ Արուսյակ Ջուլհակյանի՝ Մադրիդ-Լիսաբոն գործուղման համար, որ հանդիպեն Պորտուգալիայի պատգամավորների հետ, բյուջեից վճարել ենք 3 մլն դրամից ավելի:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։