«Այս շաբաթվա դրությամբ թուրք բարերար և քաղաքացիական ակտիվիստ Օսման Քավալան բանտարկության մեջ անցկացրել է 1000 օրից ավելի, չնայած նրան մեղավոր չեն ճանաչել ոչ մի հանցանքի համար: ԱՄՆ-ն ընդգծում է միջազգային պարտավորությունների և պայմանավորվածությունների կատարման կարևորությունը: Մենք կոչ ենք անում Թուրքիային վերահաստատել իր հավատարմությունն արդարությանն ու օրենքի գերակայությանը և ազատել Օսման Քավալային կալանքից, ինչպես նաև ձգտել նրա գործի ազնիվ, թափանցիկ և արագ հանգուցալուծմանը»,-ասված է ԱՄՆ պետդեպարտամենտի հաղորդագրության մեջ:
Օսման Քավալան Գեզիի զբոսայգու ցույցերի գործով այս տարվա փետրվարի 18-ին 9 արդարացված անձանցից մեկն էր, նրան ազատ էին արձակել խիստ ռեժիմի բանտից, տեղափոխել էին հիվանդանոց` առողջությունը ստուգելու, որից հետո կրկին ձերբակալել էին:
Թուրքական և միջազգային մի շարք իրավապաշտպան կազմակերպություններ Քավալայի կալանքը բնորոշել են որպես «ցինիզմ» թուրքական իշխանությունների կողմից:
Հիշեցնենք, որ 2016-ի հուլիսի 15-ին Թուրքիայում տեղի է ունեցել ռազմական հեղաշրջման փորձ: Հեղաշրջման փորձի համար Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մեղադրում է «Հիզմեթ» («Ծառայություն») կրոնական շարժման հիմնադիր և իր հակառակորդ Ֆեթուլլահ Գյուլենին:
Ինչպես ավելի վաղ հայտնել է էինք՝ Քավալան հիմնադրել ու ղեկավարում է թուրքական հայտնի «Անադոլու քյուլթուր» հիմնադրամը, որը զբաղվում է մշակութային փոխանակության ու մշակութային ժառանգության ուսումնասիրության լայնածավալ ծրագրերով Թուրքիայում, տարածաշրջանում և Եվրոպայում: Ծնունդով Փարիզից թուրք գործիչը հովանավորել է նաև Դիարբեքիրի մշակութային տան, Պատմության հիմնադրամի ծրագրերն ու Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի անդամ է: