Շվեյցարիայի Ժնև քաղաքում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված հուշարձանի բացմանը Թուրքիայի արտգործնախարարությունից բացի արձագանքել է նաև Ժնևում Թուրքիայի հյուպատոս Մեհմեթ Սաիթ Ույանըքը։
Ապրիլի 13-ին տեղի ունեցած հուշարձանի բացման արարողությանը ներկա էին գտնվել Ժնևի քաղաքապետը, բարձրաստիճան այլ պաշտոնյաներ, որոնց թուրքական աղբյուրը «Քուրդիստանի բանվորական կուսակցության» (ՔԲԿ-PKK) կողմնակիցներ է անվանում։ Նշյալ կուսակցությունը Անկարայի կողմից համարվում է ահաբեկչական կազմակերպություն:
Թուրք հյուպատոսը նշել է, որ այդ հուշարձանը ոչ միայն բացասականորեն կանդրադառնա թուրք-շվեյցարական հարաբերությունների վրա, այլև ավելի կվատացնի Շվեյցարիայում ապրող թուրքական և հայկական համայնքների հարաբերությունները։
«Թրեմբլեյ զբոսայգում բացված հուշահամալիրը բացասական ազդեցություն է ունենալու թուրք-շվեյցարական հարաբերությունների վրա: Դա ոչ բարյացակամ և չհաշվարկված քայլ է»,- ասել է թուրք հյուպատոսը:
Վերջինս Հայոց ցեղասպանության վերաբերյալ առաջ քաշելով թուրքական ավանդական ժխտողականությունը, հայերին մեղադրել է այն բանի մեջ, որ նրանք «միակողմանի» են նայում պատմությանը։