Վերջերս ուկրաինացի հայտնի լրագրող Դմիտրո Գորդոնի կայքում հրապարակվեց խորհրդային տարիներին ԽՍՀՄ պետական անվտանգության կոմիտեի (ՊԱԿ) աշխատակից Վլադիմիր Պոպովի «Սրիկաների դավադրությունը» չափազանց հետաքրքիր գիրքը։ Պոպովը 1972-1991 թվականներին աշխատել է ՊԱԿ-ի 5-րդ վարչությունում։ Հենց այս վարչությունն էր զբաղվում ու համակարգում քաղաքական հետապնդումները։ Հետագայում նա տեղափոխվել է Կանադա։ Շատ կան ՊԱԿ նախկին աշխատակիցների հուշեր, բայց այս մեկը շահեկանորեն տարբերվում է մյուսներից նրանով, որ հեղինակը ոչ թե ընդհանրական զրույց է վարում, այլ անուններ է հնչեցնում, ինչը գրքին էլ ավելի մեծ հետաքրքրություն է հաղորդում։ Կոնկրետ օրինակներով նկարագրում է, թե ինչպես են 1970-80-ականների չեկիստները կազմակերպել իրենց աշխատանքները, ինչպես են մտավորականների միջավայրից գործակալներ հավաքագրել, ինչպես են իրենց տոտալ վերահսկողության տակ պահել ողջ մշակութային կյանքը, ինչ երևացող դեմքեր են գործակալներ եղել։ Մեկ անգամ ևս հաստատվում է այն փաստը, որ առանց խորհրդային հատուկ ծառայությունների աջակցության կամ համաձայնության այդ երկրում դժվար էր ինքնահաստատվել, դժվար էր (շատ դեպքերում՝ անհնար) հրապարակվել, ցուցադրվել, կայանալ որպես գրող, նկարիչ, ռեժիսոր, դերասան և այսպես շարունակ։ Հետաքրքիր է տեսնել, թե ինչ մեծ ու շռնդալից հաջողություններ են արձանագրում իրենց կարիերայում այն մշակութային գործիչները, որոնք գաղտնի գործակալ դառնալու համաձայնություն են տալիս։ Հետաքրքիր ու հայտնի անուններ են հնչում՝ Իլյա Գլազունով, Սերգեյ Միխալկով, Ռադիոն Շչեդրին, Եվգենի Եվտուշենկո, Ալեքսանդր Իվանով․․․ Նույն վիճակն է եղել, բնականաբար, նաև միութենական հանրապետություններում, և Հայաստանը, իհարկե, բացառություն լինել չէր կարող։ Ամենուր գործակալներ, կասկածամտություն, մատնագրեր, ձերբակալություններ, հետապնդումներ՝ սա էր խորհրդային իրականությունը, խորհրդային երկրի առօրյան, և խորհրդային անցյալին հայացք նետելիս այս ամենը շրջանցել հնարավոր չէ։
Բայց գիրքը, հետաքրքիր տեղեկություններից բացի, ունի մի չափազանց կարևոր համատեքստ ևս։ Պարզվում է՝ 1980-ականների վերջերից, իսկ ավելի հստակ՝ 1990-91 թվականներից խորհրդային պետանվտանգության կոմիտեի մի շարք բարձրաստիճան աշխատակիցներ իրենց առջև գերկարևոր խնդիր են դրել, և, ինչպես ցույց են տալիս հետագա զարգացումները, այն բավական հաջող լուծել են։ Խնդիրը հետևյալն էր․ակնհայտ է, որ Կոմունիստական կուսակցությունը տապալված է, և Խորհրդային միությունը կարող է փլուզվել, այս նոր իրողությունում պետք է այնպես անել, որ КГБ-ն իշխանությունից չզրկվի։ Այնպես անել, որ ապագա իշխանությունում՝ տարբեր կերպարներով ու տարբեր դեմքերով, լինեն իրենք։ Այնտեղ, որտեղ հնարավոր է՝ պետք է նրանք լինեն իշխանություն, իսկ որտեղ հնարավոր չի լինելու դառնալ իշխանություն, ուրեմն՝ լինեն նոր իշխանության հենարան։
Անդրադարձ կա նաև Ղարաբաղյան շարժմանը։ Հեղինակը, որպես ՊԱԿ 5-րդ վարչության աշխատակից 1988-ին, ի թիվս այլ աշխատակիցների, գործուղվել է Լեռնային Ղարաբաղ։ Գրքում միութենական հանրապետություններին, այդ թվում նաև մեզ՝ հայերիս, տեղ չի հատկացվում։ Բնական է՝ նա աշխատել է Մոսկվայում և նկարագրում է այնտեղ ծավալված զարգացումները։ Բայց հետաքրքիր է ղարաբաղյան թեմայով նրա կարճ դիտարկումը․«Ազգային հողի վրա ողբերգական բախումները և ուժային կառույցների ու բանակի միջամտությունը այդ բախումներին, ինչը հետագայում հանգեցրեց զանգվածային սպանությունների Սումգայիթում, Լեռնային Ղարաբաղում, Բաքվում, Թբիլիսիում և Վիլնյուսում, արդյունք էին ՊԱԿ-ի 5-րդ վարչության 2-րդ բաժնի գործունեության․ բաժնի պետ, գնդապետ Բելյաև և վարչության պետ Ֆիլիպ Բոբկով»։