00:00:00

Թուրքիայի դիրքորոշումը անիմաստ է դարձնում նրա անդամակցությունը ԵԱՀԿ Մինսկի խմբին․ Արցախի ԱԳՆ

00:59, 14 հուլիս 2020 Լեռնային Ղարաբաղ

Արցախի արտաքին գործերի նախարարությունը հանդես է եկել հայտարարությմաբ՝ կապված Հայաստանի հետ սահմանին Ադրբեջանի ագրեսիվ գործողությունների հետ: «Խստորեն դատապարտում ենք հուլիսի 12-ին Ադրբեջանի կողմից Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի ուղղությամբ հայ-ադրբեջանական սահմանին հրադադարի ռեժիմի կոպիտ խախտումը՝ լարվածության հետագա նպատակաուղղված սրմամբ։ Ծանր զինտեխնիկայի կիրառմամբ ադրբեջանական բանակի հարձակումը հայկական դիրքերի ուղղությամբ եւ Հայաստանի սահմանամերձ բնակավայրերի արկակոծումն անմիջական սպառնալիք են տարածաշրջանային անվտանգությանը եւ կայունությանը։ Վերստին նշում ենք, որ Ադրբեջանի բարձրագույն քաղաքական վերնախավի աղավաղված պատկերացումները՝ միջազգային իրավունքի նկատմամբ ռազմական ուժի գերակայության մասին, Հարավային Կովկասում մշտական սպառնալիքների սկզբնաղբյուրն են եւ տարածաշրջանում ապակայունացման լուրջ գործոն։ Վճռականորեն մերժում ենք ցանկացած փորձ՝ խրախուսելու Բաքվի քամահրական վերաբերմունքն իր միջազգային պարտավորությունների նկատմամբ։ Այս առումով անթույլատրելի ենք համարում Թուրքիայի ԱԳՆ հայտարարությունը՝ ի աջակցություն Ադրբեջանի կողմից իրականացված սադրանքներին եւ հրադադարի ռեժիմի խախտումներին։ Վերստին ընդգծում ենք, որ Թուրքիայի այսօրինակ դիրքորոշումն իմաստազրկում է նրա անդամությունը ԵԱՀԿ Մինսկի խմբին։ Կոչ ենք անում միջազգային հանրությանը եւ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին համարժեք գնահատական տալ ինչպես Ադրբեջանի գործողություններին՝ ուղղված հայ-ադրբեջանական սահմանին իրադրության ապակայունացմանը, այնպես էլ Անկարայի կողմից այդ քայլերի խրախուսմանը»,- ասվում է հայտարարության մեջ։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր