00:00:00

Անդրիաս Ղուկասյանը դիմել է Հայաստանի քաղաքացիներին

18:48, 13 ապրիլ 2018

Արդի աշխարհում տեղի են ունենում աշխարհաքաղաքական փոփոխություններ, որոնք, իմ համոզմամբ, կարևոր նշանակություն ունեն նաև այսօր ընդդիմության քաղաքական օրակարգը ձևավորելու համար։ Առաջինը Ռուսաստանի հետ առճակատման հետևանքով փոխվել է Արևմուտքի վերաբերմունքը հետխորհրդային պետություններում վերջին 25 տարիների ընթացքում ձևավորված անօրինական կապիտալների նկատմամբ։ ԱՄՆ-ն ստեղծել է օրենսդրական հիմքեր, որոնք թույլ են տալիս առգրավել ռուսական օլիգարխիայի կապիտալները։ Անկասկած,   Արևմուտքի այս քաղաքականությունը չի սահմանափակվելու միայն ռուսական օլիգարխների սեփականության առգրավումով, այն ընդլայնվելու է և շատ շուտով հերթը հասնելու է նաև Հայաստանի վերնախավի կուտակած անօրինական հարստությանը։ Ըստ հրապարակված փորձագիտական գնահատականների, յուրաքանչյուր տարի Հայաստանում իշխող վարչակազմի կողմից տարբեր կոռուպցիոն եղանակներով ազգային տնտեսությունից յուրացվում է և երկրից դուրս է բերվում մոտ մեկ միլիարդ դոլարի չափ  գումար՝ ինչը կազմում է երկրի համախառն ներքին արդյունքի մոտ 10 տոկոսը։ Կոռուպցիայի այսպիսի բարձր աստիճանը զրկում է տնտեսությունը ընդլայնելու, բնակչությունը աշխատանքով և նորմալ եկամուտներով ապահովելու հնարավորությունից։ Այս իրողությունը հայտնի է բոլորին։ Ընդդիմության խնդիրն է այսօր  ոչ միայն արգելափակել Սերժ Սարգսյանի առաջադրումը վարչապետի պաշտոնում, այլ նաև ապահովել անօրինական հարստությունը պետությանը սահուն ու անցնցում եղանակով հետ վերադարձնելու գործընթացը։ Բնականաբար, ընդդիմությունը պետք է ժողովրդից մանդատ ստանա կառավարության հետ այս օրակարգով բանակցություններ սկսելու համար։ Վերջին երկու տասնամյակներում Հայաստանում ձևավորված անօրինական հարստության չափը առնվազն երեք անգամ գերազանցում է երկրի արտաքին պարտքը։ Ակնհայտ է, որ այդ պարտքի մարման հարցը պետք է լուծել անօրինական հարստությունը պետությանը վերադարձնելու միջոցով և ոչ թե ժողովրդի ուսերին դրված հարկային բեռը ավելացնելու հաշվին։ Այս նոր պայմաններում, երբ Արևմուտքը այլևս աչք չի փակում անօրինական կապիտալների երևույթի նկատմամբ և դիմում է այդ կապիտալների առգրավմանը՝ ընդդիմությունը, ժողովրդի աջակցությամբ, կարող է հարկադրել կառավարությանը կոնկրետ և առարկայական օրենսդրական լուծում տալ, որը հնարավորություն կստեղծի սահուն և անցնցում եղանակով հետ վերադարձնել պետությանը անցյալում ձևավորված անօրինական կապիտալները։ Երկրորդը Փոխվել է Արևմուտքի վերաբերմունքը մեր տարածաշրջանում առկա հակամարտությունների նկատմամբ։ Վերջերս հայտնի դարձավ, որ ԱՄՆ-ի և Եվրամիության աջակցությամբ Վրաստանի իշխանությունները մշակել են նոր քաղաքականություն Աբխազիայի և Հարավային Օսեթիայի նկատմամբ, ինչը թույլ է տալիս վերականգնել հակամարտությունների հետևանքով  խզված տնտեսական և մշակութային կապերը անկախություն հռչակած այդ հանրապետությունների հետ։ Այսպիսով ուրվագծվում է տարածաշրջանում կայուն խաղաղություն հաստատելու պատկերը։ Բնականաբար, դա նաև ազդում է Արցախյան հակամարտության կարգավորման գործընթացի վրա։ Մինչ օրս Հայաստանի իշխանությունների գլխավոր թեզը եղել է այն, որ խաղաղ կարգավորման հարցը լիովին առկախված է Իլհամ Ալիևի կամքից։ Հայտնի է, որ Սերժ Սարգսյանը դեռևս 2011-ին պատրաստ էր ստորագրել Ադրբեջանի հետ խաղաղ կարգավորման շրջանակային համաձայնագիր, որի հիմքում դրված են եղել հանրահայտ «մադրիդյան սկզբունքները»։ Այդ ժամանակ, Կազանում, Իլհամ Ալիևը հրաժարվեց համաձայնագրի ստորագրումից։ Իսկ 2016 թ «քառօրյա» պատերազմից հետո, երբ Իլհամ Ալիևը այդ համաձայնագիրը ստորագրելու պատրաստակամություն ցուցաբերեց, Սերժ Սարգսյանը անզոր էր որևէ բան հակադրել Արցախի Հանրապետության համար ոչ բարենպաստ համաձայնագիրը քննարկելու դեմ։ Ադրբեջանի դրոշը այսօր չի ծածանվում նախկին Աղդամ, Ֆիզուլի, Ջեբրայիլ, Զանգելան  և Կուբատլու քաղաքներում միայն այն պատճառով, որ 2016 թ հուլիսին ժողովուրդը սատար կանգնեց  «Սասնա Ծռերի» ապստամբությանը և խաղաղ ցույցերով արտահայտեց իր անվստահությունը Սերժ Սարգսյանին և նրա արկածախնդիր արտաքին քաղաքականությանը։ Ժողովուրդն այսպիսով կանխեց հայության համար ոչ բարենպաստ և վտանգավոր համաձայնագրի ստորագրումը, սակայն բոլորս էլ հասկանում ենք, որ դա հարցի վերջնական լուծում չի կարող հանդիսանալ։ Հայաստանի համար գերկարևոր խնդիր է, դուրս բերել հակամարտության կարգավորումը այն վիճակից, երբ այն լիովին կախված է Իլհամ Ալիևի քմահաճույքից։ Ընդդիմությունը կարող է լուծել այս հարցը, քանի որ ծանրաբեռնված չէ Ռուսաստանի առջև որևէ պարտավորություններով։ Արցախյան հակամարտության կարգավորումը այլևս չպետք է մնա անորոշ վիճակում։ Կառավարությունը կամ պետք է կոնկրետ ժամկետում ապահովի Արցախի  համար ընդունելի և բարենպաստ խնդրի լուծումը, կամ իր տեղը ազատի և նշանակի երկրում նոր ընտրություններ, դեպի իշխանություն ճանապարհ բացելով այն ուժերին, որոնք ծանրաբեռնված չեն ռուս-ադրբեջանական նախագծերին աջակցելու պարտավորություններով և ի զորու են  լուծել կարգավորման հարցը, հայության համար ընդունելի պայմաններով և կոնկրետ ժամկետներում՝ անկախ Իլհամ Ալիևի քմահաճույքներից։ Բնական է, որ նման պահանջ կառավարությանը ներկայացնելու համար ընդդիմությունը նույնպես պետք է ունենա ժողովրդի աջակցությունը։ Երրորդը․ Փոխվել է Արևմուտքի վերաբերմունքը Թուրքիայի նկատմամբ։ Հայաստանի համար բացվում են Արևմուտքի հետ անվտանգության և ռազմական ոլորտում համագործակցության նոր հնարավորություններ։ Ընդդիմությունը, ի  տարբերություն իշխանության, ազատ է Ռուսաստանի առջև որևէ պարտավորություններից  և ի զորու է առաջարկել երկրի անվտանգության նոր դոկտրին, որը հնարավորություն կտա պաշտպանել Հայաստանը բոլոր մարտահրավերներից մեր սեփական ուժերով, առանց օտարերկրյա զինուժի մասնակցության։ Կարծում եմ, շատ պարզ է բոլորին, որ Հայաստանը չպետք է հայտնվի Արևմուտքի պատժամիջոցների տակ, Ռուսաստանից զենք ձեռք բերելու  հետևանքով։ Անհրաժեշտ են այլընտրանքային լուծումներ, և ընդդիմությունը կարող է այդ լուծումները ապահովել։ 2019 թ ապրիլին, գործող պայմանագրի համաձայն, Հայաստանը պետք է որոշի շարունակում է արդյո՞ք իր անդամությունը ՀԱՊԿ-ում, թե՞ դուրս է գալիս այդ կազմակերպությունից։ Այս հարցի լուծումը կախված է ժողովրդի կամքից։ Ընդդիմությունը պետք է այսօր արդեն առաջ քաշի ՀԱՊԿ-ում անդամակցելու հարցով Հայաստանում հանրաքվե անցկացնելու պահանջը։ Սա է սահմանադրությամբ նախատեսված ճանապարհը, որը թույլ կտա փոխել Հայաստանի աշխարհաքաղաքական դիրքավորումը, որպեսզի այն համապատասխանի նոր իրողություններին և զերծ պահի Հայաստանը Արևմուտքի և Ռուսաստանի առճակատման բացասական հետևանքներից։ Իհարկե, Հայաստանը չի կարող ձգտել ՆԱՏՕ-ի անդամ դառնալ, գոնե այն պարզ պատճառով, որ Թուրքիան այդ կազմակերպության անդամ է, իսկ մեր պետությունների միջև դեռևս առկա են խորագույն հակասություններ, սակայն Հայաստանը չպետք է շարունակի  մնալ ՀԱՊԿ կազմում և աջակցել Ռուսաստանին Արևմուտքի հետ իր առճակատման մեջ։ Սա շատ կարևոր հարց է մեր ժողովրդի անվտանգության համար, և ընդդիմությունը այսօր խնդիր ունի համախմբել մեր հանրությունը վերը նշված հարցերի կարգավորման նպատակով։ Հաշվի առնենք, որ 2018 թ ապրիլի 9-ից հետո ընդլայնվել է ընդդիմության քաղաքական պայքարի գործիքակազմը՝ բացի խաղաղ բողոքի ակցիաներից, ընդդիմությունը ձեռք է բերել ժողովրդի աջակցությամբ օրենսդրական նախաձեռնություններով հանդես գալու հնարավորություն։ Ակնհայտ է, Սերժ Սարգսյանի վարչապետի պաշտոնում առաջադրվելու հարցը ընդդիմությունը կարող է արգելափակել ոչ միայն բողոքի ակցիաների միջոցով, այլև՝ օրենքի ։  Ըստ սահմանադրության կառավարության անդամի համար կարող են սահմանվել անհամատեղելիության պահանջներ։ Կարծում եմ ակնհայտ է, որ Հայաստանի վարչապետ չի կարող լինել Խորհրդային Ադրբեջանում պետական անվտանգության կոմիտեի (ԿԳԲ-ի), այլ իրավապահ մարմինների նախկին աշխատակիցը կամ այդ մարմինների գործակալը, կամ կոմունիստական, կոմերիտմիության ղեկավար մարմինների նախկին աշխատակիցները և պաշտոնատար անձինք։ Ընդդիմությունը կարող է առաջ քաշել «լյուստրացիայի մասին» օրենքի նախագիծը և հիսուն հազար քաղաքացիների աջակցությամբ մեկնարկ տալ  այդ նախագծի ընդունմանը, առանց Ազգային Ժողովի։ Այսինքն, եթե հանրապետական կուսակցությունը, իր ավանդույթներին համաձայն, անտեսի հանրության բողոքը Սերժ Սարգսյանին վարչապետի պաշտոնում նշանակելու դեմ, ընդդիմությունը ժողովրդի աջակցությամբ կարող է շարունակել պայքարը և օրենքի ուժով հարկադրել Սերժ Սարգսյանին հեռանալ գործադիր իշխանությունից։ Այդ պատճառով շատ կարևոր է որպեսզի ընդդիմության և քաղաքացիական հանրության նախաձեռնած այս պայքարը համախմբի մեր քաղաքացիների մեծամասնությանը և հիմա արդեն նախադրյալներ ստեղծի իշխանությունների կողմից ժողովրդի կամքը հարգելու համար։ Հայաստանի պահանջը այսօր շատ պարզ է՝ մարդիկ ուզում են մեր Հայրենիքում ունենալ արժանապատիվ, բարեկեցիկ և անվտանգ ապրելու հնարավորություն։ Մեր պայքարը արդար է, և թող օգնի մեզ Աստված հասնել հաղթանակի։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր