Ռուսաստանի կառավարությունը ճշգրտել է Եվրասիական տնտեսական միության՝ Ռուսաստանի և Հայաստանի տարածքների միջև տեղափոխվող ապրանքների հետևման համար նավիգացիոն կապարակնիքների կիրառման պիլոտային ծրագրի ժամկետները։ Այս մասին տեղեկացնում է «Առևտուր առանց սահմանների» հարթակը։
Նշվում է, որ ի սկզբանե փորձարկման մեկնարկը նախատեսված էր 2025 թվականին, սակայն փաստաթղթով փոփոխություններ են կատարվել. փորձարկումը կանցկացվի 2026 թվականի հունիսի 1-ից նոյեմբերի 30-ը:
Պիլոտային ծրագրի արդյունքների մասին զեկույցի ներկայացումը ևս հետաձգվել է. դրա մասին անհրաժեշտ է հաշվետվություն ներկայացնել մինչև 2026 թվականի դեկտեմբերի 20-ը (2025 թվականի դեկտեմբերի 1-ի փոխարեն)։
Հաղորդվում է նաև, որ, միաժամանակ, սկզբնական որոշման տեքստից հանվել է այն կետը, որը Ռուսաստանի տրանսպորտի, թվային զարգացման նախարարություններին և Անվտանգության դաշնային ծառայությանը պարտավորեցնում էր նախագծին միացնել «ԳԼՈՆԱՍՍ» ԲԲԸ-ի նավիգացիոն կապարակնիքների կիրառմամբ տարանցիկ փոխադրումների հետևման համակարգը։