00:00:00

Արցախի ԱԺ նախագահը մի շարք հարցեր է քննարկել Արցախի Ազատամարտիկների միության նախագահի հետ

19:32, 08 հունիս 2020 Լեռնային Ղարաբաղ

Արցախի Հանրապետության Ազգային Ժողովի նախագահ Արթուր Թովմասյանը հունիսի 8-ին այցելել է Արցախի ազատամարտիկների միություն եւ հանդիպել միության նախագահ, Արցախի հերոս, ՊԲ գեներալ մայոր Սամվել Կարապետյանին ու միության աշխատակազմի ներկայացուցիչներին: Խորհրդարանի ղեկավարը, ողջունելով ներկաներին, բարձր է գնահատել միության դերը Արցախյան ազատագրական պայքարում ավանդ ունեցող ազատամարտիկների համախմբման, նրանց գործունեության համակարգման եւ աջակցության գործում: Արթուր Թովմասյանը հավաստիացրել է, որ ազատամարտիկները կլինեն երկրի իշխանությունների ամենօրյա ուշադրության կենտրոնում: «Մենք հպարտ ենք, որ մեր շարքերում ունեցել ենք այնպիսի ազատամարտիկներ, ովքեր իրենց արյամբ են գծել երկրի սահմանը: Հավերժ փա՜ռք նրանց հիշատակին»,-նշել է ԱԺ նախագահը: Արցախի Ազատամարտիկների միության նախագահ Սամվել Կարապետյանը, շնորհավորելով ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանին եւ 7-րդ գումարման ԱԺ-ի պատգամավորական ողջ կազմին պաշտոնը ստանձնելու կապակցությամբ, մաղթել է արդյունավետ աշխատանք: Հանդիպմանն Ազգային ժողովի նախագահին է ներկայացվել Ազատամարտիկների միության 2020թ-ի գործունեության ծրագիրը: Քննարկվել են ազատամարտիկների սոցիալական խնդիրներին եւ պետական աջակցության ծրագրերին վերաբերող մի շարք հարցեր: Կողմերը պայմանավորվածություն են ձեռք բերել առաջնային հիմնախնդիրների շուրջ ծավալել ուսումնասիրություն եւ հնարավորինս սեղմ ժամկետներում առաջարկել լուծումներ: Անդրադարձ է կատարվել նաեւ օրենսդրական դաշտում փոփոխությունների անհրաժեշտությանը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր