ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի երեկվա կոչն ըստ էության դարձել է հայաստանյան քաղաքական ու հասարակական օրակարգի թիվ մեկ թեման։ Ծառուկյանի՝ կոչում և քննադատություններում ըստ էության որեւէ նորություն չկար։ Գաղտնիք չէ, որ գործող իշխանությունը գրեթե բոլոր ոլորտներում տապալվել է, չկան տնտեսական հեռանկարներ, ապագայի վերաբերյալ կանխատեսումներ։ Եվ սեփական ձախողումները խեղդել կորոնավիրուսի անվան տակ բնավ էլ ազնիվ չէ։
Համաճարակը մի քանի ամիս է, որ խառնել է աշխարհի ու այդ թվում Հայաստան աշխարհի խաղաքարտերը, բայց դրանից առաջ էլ մեր երկրում տնտեսական որեւէ առաջընթաց չի արձանագրվել, իշխանությունը չի կատարել ժողովրդին տված իր խոստումները։ Տարբեր քրեական գործեր, որոնք հարուցվում են նախկին իշխանության այս կամ այն ներկայացուցչի նկատմամբ, միայն այն պարագայում, երբ նրանք արդեն հատած են լինում Հայաստանի սահմանը խոսում է այն մասին, որ գործող իշխանությունը այս հարցում ևս ապիկար է։
Վերադառնալով Ծառուկյանի հայտարարությանը նշենք, որ անշուշտ այն քննադատաբար ընդունվեց գործող իշխանության տարբեր տրամաչափի չինովնիկների կողմից։ Նախարարներ, պատգամավորներ ու անգամ Փաշինյանի անձնական ակտիվիստները, որոնք թավշյա գործողությունների արդյունքում մանր- մունր գործերի են անցել, սկսեցին հերթով գրառումներ անել, իբրև թե հուժկու հարված հասցնելով ԲՀԿ-ին եւ անձամբ այդ ուժի ղեկավար Գագիկ Ծառուկյանին։ Սակայն այդ պատասխանները ավելի մերկացրեցին իշխանական թիմին։ Հասարակությունը ականատես չեղավ որեւէ բովանդակային դիսկուրսի։ Շարքային շանտաժի էլեմենտներ պարունակող գրառումները փաստացի ցույց տվեցին, որ Գագիկ Ծառուկյանի ահազանգերը երկրի կործանման վերաբերյալ ճիշտ են։
Ինչու՞ իշխանությունը իր պատասխաններում այս հարցին չէր անդրադառնում, չէր փորձում ցույց տալ, որ դա այդպես չէ։ Չկան օրինակներ, որ տնտեսական աշխուժություն կա երկրում, որ Հայաստանը քայլ առաջ է։ Չեղան այդպիսի կտրուկ հակադարձումներ, որովհետեւ նման օրինակներ գործող իշխանությունը չունի։ Տեսարանների պակաս անցնող երկու տարում չի եղել, բայց տեսարանով երկար ժամանակ հասարակությանը կերակրել քայլ արածները դժվար թե կարողանան։
Թե ինչպիսի զարգացումներ կունենան այս իրադարձությունները թերևս պարզ կդառնա առաջիկայում։ Առայժմ ակնհայտ է, որ գործող իշխանությունը այդպես էլ կառավարման փորձ ձեռք չբերեց։
Նրանց քայլը փողոցից տեղափոխվել է զուտ ֆեյսբուք։
Irakanum.am