«Ժողովուրդ» թերթը գրում է․ «Երկար ժամանակ է՝ ինչ մի քանի բարձր պաշտոններ թափուր են մնացել, եւ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կարծես չի էլ շտապում նոր նշանակումներ անել: Արդեն մեկ ամիս է՝ Շրջակա միջավայրի նախարարությունը մնացել է առանց ղեկավարի:
Մայիսի 5-ին այդ պաշտոնից ազատման դիմում ներկայացրեց Էրիկ Գրիգորյանը: Եվ այստեղ ուշագրավն այն է, որ խախտվել են նոր նախարար ներկայացնելու ժամկետները։ Բանն այն է, որ «Կառավարության կառուցվածքի գործունեության մասին» ՀՀ օրենքի 5-րդ հոդվածի համաձայն՝ կառավարության անդամի փոփոխության դեպքում վարչապետը պետք է ներկայացնի կառավարության նոր անդամի թեկնածու։
Իսկ նույն հոդվածի 4-րդ կետի համաձայն՝ «եթե կառավարության նոր անդամի թեկնածուն միաժամանակ չի ներկայացվում, ապա վարչապետը կառավարության նոր անդամի թեկնածուին Հանրապետության նախագահին է ներկայացնում 15-օրյա ժամկետում»: Եվ ինչպես արդեն նշեցինք, Էրիկ Գրիգորյանի դիմումից հետո անցել է մեկ ամիս ժամանակ, սակայն նոր նշանակում այդպես էլ չի արվել։