00:00:00

Ինչ է իրենից ներկայացնում Կավասակի հիվանդությունը և ինչ սիմպտոմներ ունի

11:50, 03 հունիս 2020

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն իր ֆեյսբուքյան էջում քիչ առաջ տեղեկացրեց, որ Կավասակիի սինդրոմի արձանագրված դեպք է հայտնաբերվել 4 տարեկան երեխայի մոտ, ով ունեցել է անախտանիշ կորոնավիրուսային հիվանդություն.«Վերջին շրջանում տարբեր երկրներում նկատվել էր Կավասակիի սինդրոմով երեխաների հիվանդացության աճ, որը որոշ հետազոտողներ կապում էին կորոնավիրուսային հիվանդության համաճարակի հետ: Կավասակիի սինդրոմի պատճառագիտությունը ամբողջությամբ հայտնի չէ, սակայն այն հիմնականում կապվում է վարակիչ հիվանդությունների դեպքում դրդվող աուտոիմունային պատասխանի հետ: Այն հիմնականում հանդիպում է մինչև 5 տարեկան երեխաների մոտ»,-նշել է նախարարը։ Ի՞նչ է Կավասակի հիվանդությունը Այս հիվանդությունը առաջին անգամ անգլիական բժշկական գրականությունում նկարագրվել է 1967թ.-ին ճապոնացի մանկաբույժ Տոմիսակու Կավասակիի կողմից (հիվանդությունը կոչվել է նրա անունով): Նա նկարագրեց մի խումբ երեխաների, որոնք ունեին ջերմություն, մաշկի ցան, կոնյուկտիվիտ (կարմիր աչքեր), էնանթեմա (բկանցքի և բերանի խոռոչի կարմրություն), ձեռքերի և ոտնաթաթերի այտուցվածություն, պարանոցային ավշահանգույցների մեծացում: Սկզբից այս հիվանդությունը կոչվել է ՛մաշկա-լորձաթաղանթային և ավշային հանգույցների համախտանիշ։ Մի քանի տարի անց նկարագրվեցին սրտի կողմից բարդություններ՝ կորոնար զարկերակների անևրիզմաների ձևով (սիրտն արյունամատակարարող անոթների լայնացումներ): Կավասակիի հիվանդությունը սուր համակարգային վասկուլիտ է, այսինքն, այն արյունատար անոթների պատերի բորբոքում է, որն էլ կարող է հանգեցնել մարմնի ցանկացած միջին չափի, հիմնականում կորոնար զարկերակների լայնացումների՝ անևրիզմաների առաջացմանը: Ինչևէ, երեխաների մեծամասնությունը ունենում է հիվանդության միայն սուր շրջանի նշաններ, առանց սրտային բարդությունների: Ի՞նչ հաճախականությամբ է այն հանդիպում Այն գրեթե բացառապես վաղ տարիքի երեխաների հիվանդություն է: Կավասակի հիվանդությամբ երեխաների մոտավորապես 85%-ը 5 տարեկանից ցածր են, առավել հաճախ հանդիպող տարիքը 18-24 ամսականն է։ 3 ամսականից ցածր և 5 տարեկանից բարձր տարիքի երեխաները հիվանդանում են ավելի հազվադեպ, բայց այս դեպքում բարձրացնում է կորոնար զարկերակների անևրիզմայի զարգացման ռիսկը: Այն ավելի հաճախ հանդիպում է տղաների, քան աղջիկների մոտ: Չնայած ԿՀ-ի դեպքերը ախտորոշվում են ամբողջ տարվա ընթացքում, կարող է որոշակի սեզոնային տարբերություն նկատվել՝ ուշ ձմռանը և գարնանը հանդիպման հաճախականությունը ավելանում է : Որո՞նք են հիվանդության պատճառները ԿՀ պատճառը մնում է անհայտ, չնայած կա ենթադրություն, որ ինֆեկցիան հանդիսանում է խթանիչ գործոն: Ժառանգական նախադրամադրվածություն ունեցող անձի մոտ գերզգայունությունը կամ ոչ նորմալ իմուն պատասխան ռեակցիան, հնարավոր է ՝ թողարկվելով որևէ ինֆեկցիոն ագենտի՝ վիրուսի կամ բակտերիային կողմից, առաջացնում են արյունատար անոթների պատերի բորբոքում ու վնասում:  Այն վարակիչ չէ և այն չի փոխանցվում մեկ երեխայից մյուսին։ Ներկայումս հիվանդության կանխարգելումը հայտնի չէ: Շատ հազվադեպ, նույն հիվանդի մոտ, հնարավոր է նաև հիվանդության երկրորդ դրվագի առաջացումը: Որո՞նք են գլխավոր սիմպտոմները Հիվանդությունը սկսվում է անբացատրելի բարձր ջերմությամբ: Երեխաները սովորաբար շատ դյուրագրգիռ են դառնում: Տենդը կարող է ուղեկցվել կամ հաջորդող զարգացնել կոնյուկտիվաների ինֆեկցիա (երկու աչքերում կարմրություն), առանց թարախային կամ այլ արտադրության: Երեխաները կարող են ունենալ տարբեր տեսակի մաշկային ցան, ինչպես օրինակ կարմրուկի կամ քութեշի ցանի նման, ինչպես նաև եղնջացան, պապուլաներ և այլն: Մաշկային ցանը տեղակայվում է իրանին և վերջույթներին, հաճախ նաև տակդիրների տակ, արտահայտված է լինում մաշկի կարմրությունը և թեփոտումը: Բերանի ախտահարումը ներառում է ալ կարմիր, ճաքճքված շուրթեր, կարմիր լեզու (սովորաբար կոչվում է մորենման լեզու), և բկանցքի կարմրություն: Ձեռքերը և ոտքերը նույնպես ախտահարվում են՝ ափերի և ներբանների այտուցի և կարմրության տեսքով: Ձեռքերի և ոտքերի մատները նույնպես այտուցվում են: Այս նշաններն ուղեկցվում են ձեռքի և ոտքի մատների ծայրերի բնորոշ թեփոտումով (մոտավորապես հիվանդության երկրորդ և երրորդ շաբաթում): Հիվանդների կեսից ավելին ունենում են պարանոցային ավշահանգույցների մեծացում, հաճախ միայն մեկ ավշահանգույցի, և նվազագույնը 1.5սմ: Երբեմն արտահայտվում են այլ սիմպտոմներ ևս, ինչպիսիք են հոդացավը և/կամ հոդերի այտուցը, որովայնացավը, լուծը, գրգռվածությունը և գլխացավը:Երկրներում, որտեղ կատարվում են ԲՑԺ պատվաստում, ավելի փոքր երեխաների մոտ կարող է առաջանալ ԲՑԺ-ի սպիի շրջանում կարմրություն: Սրտի ախտահարումը հանդիսանում է ԿՀ-ի ամենալուրջ դրսևորումը, քանի որ այն կարող է մնայուն հետևանքներ թողնել: Կարող են հայտնաբերվել սրտում աղմուկ, ռիթմի խանգարումներ, ուլտրաձայնային քննությամբ՝ այլ շեղումներ: Սրտի տարբեր շերտերը կարող են որոշ չափով բորբոքված լինել, այսինքն կարող է լինել պերիկարդիտ՝ սիրտը արտաքինից պատող թաղանթի բորբոքում, միոկարդիտ՝ սրտամկանի բորբոքում, ինչպես նաև փականների ախտահարում: Սակայն այս հիվանդության գլխավոր նշանը կորոնար զարկերակների անևրիզմայի զարգացումն է։ Ինչքա՞ն է տևում հիվանդությունը ԿՀ երեք փուլերով ընթացող հիվանդություն է. սուր, որը ներառում է հիվանդության առաջին 2 շաբաթը, երբ առկա են ջերմությունը և այլ սիմպտոմները, ենթասուր՝ երկրորդից չորրորդ շաբաթը, որի ընթացքում սկսում է բարձրանալ թրոմբոցիտների քանակը և կարող է առաջանալ անևրիզմա, վերականգնման փուլ՝ առաջինից երրորդ ամիսը, երբ բոլոր լաբորատոր փոփոխված ցուցանիշները վերադառնում են նորմայի սահմաններին, և որոշ արյունատար անոթների անոմալիաները (ինչպիսիք են կորոնար անոթները), հետ են զարգանում կամ չափերով փոքրանում են: Եթե հիվանդությունը չբուժվի, այն կարող է ինքնուրույն անցնել մոտավորապես 2 շաբաթվա ընթացքում, բայց այս դեպքում կորոնար զարկերակները կմնան վնասված: Հնարավո՞ր է այն բուժել/ ապաքինել ԿՀ երեխաների մեծամասնությունը ապաքինվում է, սակայն որոշ հիվանդներ, զարգացնում են սրտային բարդություններ, չնայած լիարժեք բուժմանը: Հիվանդությունը հնարավոր չէ կանխել, բայց կորոնար բարդությունները նվազեցնելու լավագույն միջոցը վաղ ախտորոշումն է և բուժումը հնարավորինս շուտ սկսելը:  Ո՞րն է բուժումը Հաստատված կամ կասկածելի ԿՀ երեխաները պետք է հոսպիտալացվեն զննման և հսկողության համար և պետք է գնահատվի սրտի հնարավոր ախտահարումը: Որպեսզի նվազեցվի սրտային բարդության զարգացման հաճախականությունը, անհրաժեշտ է բուժումը սկսել ախտորոշելուց անմիջապես հետո : Բուժումը բաղկացած է միանվագ, բարձր դեղաչափով ներերակային իմունոգլոբուլինից՝ ՆԵԻԳ և Ասպիրինից:Այս բուժումը կնվազեցնի բորբոքումը՝ կտրուկ պակասեցնելով հիվանդության սուր նշանները: Բարձր դեղաչափով ՆԵԻԳ-ը բուժման կարևոր բաղադրիչն է, քանի որ այն կարող է նվազեցնել կորոնար անոթների ախտահարումը հիվանդների մեծամասնության մոտ: Չնայած այն շատ թանկարժեք է, բայց ներկայումս այն համարվում է բուժման ամենաարդյունավետ տարբերակը: Հատուկ բարձր ռիսկով հիվանդներին միաժամանակ կարող է տրվել կորտիկոստերոիդներ: Հիվանդների համար, որոնք չեն պատասխանում ՆԵԻԳ-ի մեկ կամ երկու դեղաչափին, բուժման այլընտրանքային տարբերակ է բուժումը բարձր դեղաչափով ներերակային կորտիկոստերոիդներով և բիոլոգիական դեղորայքով: Նշենք, որ ամբողջ աշխարհում կորոնավիրուսի տարածման հետ զուգընթաց սկսել է բավականին հաճախ երեխաների մոտ հանդիպել նաև այս վիրուսը։ Աշխարհի առնվազն վեց երկրներում երեխաների մոտ անսովոր բորբոքային հիվանդության գրեթե 100 դեպք է հայտնաբերվել։ Նոր հիվանդության դեպքեր արդեն հայտնաբերվել են Մեծ Բրիտանիայում, ԱՄՆ-ում, Ֆրանսիայում, Իտալիայում, Իսպանիայում ու Շվեյցարիայում: Նման ախտանիշներով շատ երեխաների մոտ հաստատվել է կորոնավիրուսի առկայությունը, բայց ոչ բոլորի։ Հիվանդ երեխաներից ոչ մեկը չի մահացել, սակայն նրանցից մի քանիսին ստիպված են եղել տեղափոխել վերակենդանացման բաժանմունք։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր