
- Փոխել Նախնական զինվորական պատրաստություն առարկայի ողջ տրամաբանությունը։ Հրաժարվել այսօրվա ուսուցման ձևական մեթոդներից։ Դրա փոխարեն՝ ՆԶՊ նոր համակարգով բոլորը պարտադիր պետք է այցելեն զորամասեր։ Նպատակը՝ թուլացնել 18 տարեկանում պարտադիր զինծառայության անցման փուլի շոկը, դեզադապտացիան, անորոշ և, որպես կանոն, բացասական սպասումները։ Հնարավորություն տալ, որ 16-17 տարեկանում տղաները (ցանկության դեպքում՝ նաև աղջիկները) տեսնեն՝ ինչ է զորամասը, զինվորի առօրյան՝ սնունդը, հագուստը, իրական հրամանատարը։ Որտեղ է ինքը ծառայելու, ինչպիսին է լիելու իր առօրյան, միջավայրը։ Նման աստիճանական ինտեգրումը չափազանց կարևոր է։ Սա կարող է լինել բանակի մասին «վտանգավոր լեգենդների» դեմ պայքարի ամենաէֆեկտիվ տարբերակը։ Հասկանալի է, որ խոսքը մեկ անգամ զորամաս էքսկուրսիայի մասին չէ։ Խոսքը պարբերական նպատակային և պարտադիր այցերի և տեղում ուսումնառության մասին է։ Այս մշակույթի ներդրմամբ շահելու են բոլորը՝ թե՛ կրթությունը, թե՛ բանակը, թե՛ զորակոչիկը, թե՛ հասարակությունը
- Պետք է կազմակերպվել ՆԶՊ-ի ճամբարային տարբերակը՝ զորամասերում կամ մոտակա բնակվայրերում։ Ճամբարը պետք է լինի պարտադիր ու դասասենյակներից դուրս (ի դեպ, Հայաստանյան որոշ կրթօջախներում կա նման փորձ)։ Ազգ-բանակի կոնցեպցիան հենց սա է ենթադրում՝ հասարակության և բանակի չընդհատվող կապը։
- Կտրուկ խստացնել ՆԶՊ-ի պահանջները. ավագ դպրոցներում բոլորն անխտիր պետք է սովորեն օգտվել զենքից, ունենան ոչ տեսական, այլ՝ պրակտիկ ծանոթություն զինատեսակների հետ։ Պարտադիր իրական պարապմունքներ հրաձգարաններում և այլն։
- Կտրուկ խստացնել քաղպաշտպանության ուսուցումն աղջիկների համար։ Տեսական դասերից անցնել պրակտիկ, կիրառական ուսուցման։ Բոլոր աղջիկները պետք է ստանան առաջին բուժօգնության հիմնական գիտելիքները՝ ցավազրկել, կոտրվածքների անշարժացում, սրսկում, վիրավորի տեղափոխում և այլն։ Ամեն ինչից անկախ՝ Հայաստանը սեյսմիկ ակտիվ գոտում է և պատերազմի մշտական վտանգի առաջ։ Որպես պարտադիր ուսման մաս ներդրվելով՝ տարիների ընթացում սա ուղղակի կվերածվի մշակույթի։
- Դպրոցական շրջանակներում որպես պետական քաղաքականություն ներմուծել ռազմա-մարզական խաղերի հասկացությունը։ Սրանք միջդպրոցական, միջբուհական մրցումներն են՝ խաղեր, որոնք անց են կացվում հիմնականում զինվորական ծառայությանը մոտ մարզաձևերում՝ հրաձգություն, ալպինիզմ, խոչընդոտների հաղթահարում, հետախուզական խնդիրներ, տեղանքում կողմնորոշում, առաջին օգնություն և այլն։ Այս մրցումները տարբեր խրախուսանքների, տրվող իրական արտոնությունների և լուսաբանման միջոցով պետք է դառնան շատ հեղինակավոր և զանգվածային, կրեն ոչ ֆիկտիվ, ոչ ցուցադրական բնույթ, պետք է ապահովվի իրական ներգրավվածություն, իրական ոգևորություն։ Սա նաև աղջիկների համար է։
- Պետք է կրթել ապագա զինվորներին, որոնց կրթական ցենզը սովորաբար շատ ցածր է։ Պետք ապահովել որոշակի կրթական-արժեհամակարգային ստանդարտ։ Պետք է նրանց հետ աշխատել այն լեզվով, որը նրանց ընկալելի է և այն մարդկանց միջոցով, որոնք այդ սերնդի ու խավի համար հեղինակություն են։ Պետք է հասկանալ՝ ովքեր են նրանք ու կազմակերպել նրանց մուտքը դպրոց և նրանց երկխոսությունը 15-17 տարեկանների հետ։ Դրանք կարող են լինել մարդիկ տարբեր ոլորտներից, բայց լինեն իրական հեղինակություններ։
- Մենք ունենք ապրիլյան պատերազմի մասնակիցներ, վիրավորներ, մարտական հերթապահությունը պատվով կատարած և խաղաղ կյանք վերադարձ հազարավոր երիտասարդներ։ Պետք է ապահովել նրանց կապը 15-17 տարեկանների հետ։ Սրանից լավ նախապատրաստում դժվար է պատկերացնել։ Պետք է գտնել ճիշտ տարբերակները և սկսել աշխատել։ Ընդ որում, սա օգտակար է թե՛ նախազորակոչիկներին, թե՛ զորացրվածներին։
- Հայաստանում պետք է ՆԶՊ և քաղպաշտպանության քննությունը համարվի դպրոցի պարտադիր ավարտական քննություն և լինի ամենաբարդը, կարևորը և օբյեկտիվը։ Սրանով մենք որակապես մեծ քայլ արած կլինենք հասարակության և բանակի կապի, անվտանգության լրջության գիտակցման և ընդհանրապես հասարկության լրջության և կայացման առումով։