Մեքսիկայի Առողջապահության գլխավոր խորհուրդը հաստատել է կորոնավիրուսի համավարակի պատճառով սահմանված սահմանափակումների աստիճանական վերացման վերաբերյալ համաձայնագրերը, որոնք, մասնավորապես, թույլ են տալիս աշխատել շինարարության եւ հանքարդյունաբերության ոլորտի ընկերություններին, ինչպես նաեւ տրանսպորտային սարքավորումների արտադրողներին, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
«Տրանսպորտային սարքավորումների կառուցումը, արդյունահանումը եւ արտադրությունը ներառված են գործունեության հիմնական տեսակների ցանկում»,- նշվում է խորհրդի թվիթերյան հաղորդագրության մեջ:
Ազգային կարանտինից դուրս գալու այլ հաստատված միջոցառումների թվում իշխանությունները հավանություն են տվել ուսումնական ու աշխատանքային գործունեության վերսկսմանն այն քաղաքներում, որոնք սահմանակից չեն COVID-19-ի դեպքեր գրանցած տարածքներին:
Աշխատանքը վերսկսող ընկերությունները պարտադիր կերպով պետք է կիրառեն առողջապահության նախարարության, աշխատանքի նախարարության եւ սոցիալական պաշտպանության ինստիտուտի արձանագրությունները:
Հունիսի 1-ից Մեքսիկայի առողջապահության նախարարությունը «լուսացույց» է ներդնում յուրաքանչյուր նահանգի համար, որը որոշակի տնտեսական, կրթական եւ սոցիալական գործունեություն է թույլ տալիս` կախված համաճարակաբանական բեռից: Ակտիվության սահմանափակման աստիճանը կվերանայվի ամեն շաբաթ:
Ինչպես առողջապահության նախարարության մամուլի ասուլիսին պարզաբանել է գերատեսչության ղեկավարի տեղակալ Ուգո Լոպես Գատելը, սահմանափակումների վերացումը չի նշանակում վերադարձ երկրի քաղաքացիների կյանքի նախկին ձեւին: «Գաղափարը, որը մենք հիմնարար ենք համարում, «նոր նորմալությունն է»: Մայիսի 30-ին անվտանգ հեռավորության ժամանակահատվածի ավարտին մենք մտնում ենք հատուկ պայմաններով փուլ որտեղ պետք է հետեւենք կանխարգելիչ միջոցառումների եւ սանիտարական անվտանգության խիստ պահպանմանը»,- ասել է Լոպես Գատելը:
Մեքսիկան, ըստ Առողջապահության նախարարության, գտնվում է կորոնավիրուսի համավարակի գագաթնակետին, կարանտինային միջոցառումներն ուժի մեջ կլինեն մինչեւ մայիսի 30-ը` մայիսի 18-ից նվազագույն տուժած շրջաններում աստիճանական վերացման հնարավորությամբ: