00:00:00

10 օրում Ուհան քաղաքի բոլոր բնակիչները կորոնավիրուսի ախտորոշման թեստեր կհանձնեն

15:55, 12 մայիս 2020 Աշխարհ

Չինական Ուհան քաղաքի իշխանությունները, որն անցյալ տարվա դեկտեմբերին կորոնավիրուսի տարածման էպիկենտրոն էր դարձել, 10 օրում կթեստավորեն քաղաքի բոլոր բնակիչներին, հայտնում է ՏԱՍՍ-ը` վկայակոչելով «Փենփայ» պարբերականը: Հաղորդվում է, որ քաղաքի` համավարակի դեմ պայքարի օպերատիվ շտաբը հանձնարարել է բոլոր քաղաքացիներին կորոնավիրուսի ախտորոշման թեստավորման ենթարկել: Այս որոշումը կայացվել է այն բանից հետո, երբ Ուհանում մայիսի 9-ին եւ 10-ին վարակի վեց նոր դեպք էր գրանցվել, ընդ որում, դրանք 35 օրվա ընթացքում վարակման առաջին հայտնաբերված դեպքերն էին: Վարակվածներն ապրում էին Դունսիհու շրջանում, նրանց թվում երկու ամուսնական զույգ կա: Քաղաքային իշխանություններին հանձնարարվել է բնակիչների զանգվածային թեստավորման պլաններ մշակել` ելնելով բնակչության խտությունից եւ յուրաքանչյուր շրջանում բնակիչների թվից: Այս նպատակով նրանց 10 օր է հատկացվել: Անցած օրվա ընթացքում Չինաստանի իշխանությունները կորոնավիրուսով վարակման մեկ ներմուծված (Ներքին Մոնղոլիա ինքնավար շրջան) եւ 15 ասիմպտոմատիկ դեպք են հայտնաբերել: Արտասահմանից Շանհայ ժամանած եւս անձի մոտ կասկածվում է կորոնավիրուս, սակայն նրա ախտորոշումը դեռ հաստատված չէ: Մայիսի 12-ի կեսգիշերի տվյալներով` Չինաստանում կորոնավիրուսով վարակվածների հաստատված դեպքերի ընդհանուր թիվը հասել է 82 919-ի, առողջացել է 78 171 մարդ, մահացել է 4 633 մարդ: Ներկայումս գրանցվել է կորոնավիրուսից բուժման 115 ակտիվ դեպք (10 հիվանդի վիճակը գնահատվում է որպես լուրջ): Կորոնավիրուսի բռնկումը գրանցվել էր 2019-ի վերջին Կենտրոնական Չինաստանում, այն տարածվել է երկրների մեծ մասում: Առողջապահության համաշխարհային կազմակերպությունն այն որպես համավարակ է ճանաչել: Համավարակի սկսվելուց ի վեր աշխարհում ավելի քան 4 միլիոն մարդ է վարակվել կորոնավիրուսով, մոտ 280 հազար մարդ մահացել է:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր