00:00:00

Աշխարհում մնացել է 18 պետություն, որտեղ պաշտոնապես չի գրանցվել կորոնավիրուսի որեւէ դեպք

02:57, 08 ապրիլ 2020 Աշխարհ

Կորոնավիրուսային համաճարակը շարունակում է փոթորկել աշխարհն ու արագորեն տարածվել՝ վնասելով աշխարհի երկրների տնտեսությունները, սոցիալական վիճակն ու առողջապահական համակարգը, գրում է armtimes.com-ը։ Պարզվում է, աշխարհում դեռ կան անկյուններ, որտեղ կորոնավիրուսային վարակը չի հասցրել ներթափանցել եւ որեւէ դեպք չի գրանցվել, կամ էլ՝ չի գրանցվել պաշտոնական աղբյուրների համաձայն: Ջոն Հոփքինսի անվան ամերիկյան հետազոտական ինստիտուտը շարունակում է հետեւել կորոնավիրուսի աշխարհում տեղի ունեցող իրադարձություններին եւ վարակի տարածման տեմպերին ամբողջ աշխարհում: Մինչ մարդիկ քննարկում են, թե Աֆրիկա մայրցամաքում հաջողվել է խուսափել վարակից, պարզվում է՝ աֆրիկյան 54 պետություններից մնացել է միայն 3 երկիր, որտեղ մինչ օրս կորոնավիրուսի որեւէ դեպք չկա գրանցված: Դրանցից մեկը Լեսոտոյի Թագավորությունն է: Թեպետ վիրուսին դեռ չի հաջողվել սողոսկել այս պետության սահմաններից ներս, սակայն անվտանգության նկատառումներից ելնելով, մարտի 30-ից այս փոքր  լեռնային պետությունը՝ մոտ 2 միլիոնից էլ պակաս բնակչությամբ, սահմանել է 25-օրյա կարանտին: Աշխատում են միայն հիվանդանոցները, խանութներն ու կոմունալ ծառայություններով զբաղվող հիմնարկները: Լեսոտոն դարձել է Աֆրիկայի առաջին պետությունը, որն ամբողջությամբ փակել է իր արտաքին սահմանները՝ կորոնավիրուսի ներթափանցումը կանխելու նպատակով: Լեսոտոյի Թագավորություն COVID-19 վարակի ոչ մի դեպք չի գրանցվել նաեւ Սան-Տոմե եւ Պրինսիպիում: Թեպետ առողջապահության համաշխարհային կազմակերպությունը կարծում է, որ  այստեղ վարակի ոչ մի դեպք չգրանցվելու պատճառն այն է, որ Գվինեական ծովածոցի այս կղզային պետությունը չունի թեստավորման համապատասխան սարքավորումներ, այնուամենայնիվ, Սան-Տոմե եւ Պրինսիպիում, որտեղ ապրում է 200 հազարից մի փոքր շատ մարդ, լրջորեն նախապատրաստվում են համաճարակի հնարավոր ներթափանցմանը. փակվել են դպրոցներն ու կրթական մյուս հաստատությունները, չեղարկվել են թռիչքները, կարանտինային գոտում է տեղավորվել մոտ 100 մարդ, որոնք վերջերս են ժամանել Սան-Տոմե եւ Պրինսիպի այլ երկրներից: Սան-Տոմե եւ Պրինսիպի Կորոնավիրուսի համաճարակից զերծ մնացած աֆրիկյան երրորդ պետությունը Կոմորիի կղզիներն են: Այն փաստը, որ Հնդկական օվկիանոսի հարավ-արեւմուտքում գտնվող այս արշիպելագում դեռեւս գրանցված չէ վարակի ոչ մի դեպք, տեղի իշխանությունները բացատրում են տեղական բժշկության առանձնահատկություններով: Բանն այն է, որ  Կոմորիի իսլամական կղզիներում լայնորեն կիրառվում է մալարիայի բուժման դեղամիջոցը եւ թեպետ ասվածը գիտականորեն ապացուցված չէ, սակայն տեղական բժիշները կարծում են, որ հենց հակամալարիային միջոցառումներն են թույլ տվել պետությանը խուսափել կորոնավիրուսի տարածումից: Կոմորի կղզիներ Իսլամական հավատքի հետնորդների մեկ այլ երկրում՝ Եմենում եւս, պաշտոնական տվյալներով, դեռեւս չկան COVID-19-ի հաստատված դեպքեր: Այնուամենայնիվ, երկիրն ամենայն լրջությամբ է նախապատրաստվել կորոնավիրուսի դեմ պայքարին: Նախ՝ Եմենի հակամարտության կողմերը, առաջինն արձագանքելով ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի՝ համաշխարհային հրադադարի կոչին, համաձայնել են երկրում կրակի դադարեցման շուրջ, այնուհետ Ադենեում կարանտինային կենտրոն է բացվել: ԱՀԿ-ում նշում են, որ եթե Եմենում համաճարակ բռնկվի, երկրի՝ բազմամյա պատերազմական փուլերում քայքայված  առողջապահական համակարգը  չի կարողանա դիմակայել վարակին եւ միլիոնավոր մարդկանց կյանքը հսկայական վտանգի առաջ կկանգնի: Եմեն Բավական շուտ սկսեցին կորոնավիրուսի վարակի դեմ նախապատրաստական աշխատանքներ տանել Կորեայի Ժողովրդադեմոկրատական Հանրապետությունում: Արդեն հունվարի 24-ին երկրում ներդրվեց կարանտին, դադարեցվեցին երկաթուղային եւ  օդային կապերը այլ երկրների հետ, խստացվեց երկիր ժամանող օտարերկրացիների ստուգումը, նրանց համար կարանտինի ժամկետ սահմանվեց մինչեւ 30 օր, թեպետ երկրում չկար արձանագրված ոչ մի դեպք: Այնուամենայնիվ, «Միջկորեական համագործակցության հետազոտությունների կենտրոն»-ի հարավկորեացի փորձագետների կարծիքով, ԿԺԴՀ-ում իրավիճակի վերաբերյալ փոխանցվող տվյալները լիաժեք չեն, ուստի դժվար է ասել, ճշգրի՞տ են, արդյոք, պետական մակարդակով նշվող տվյալները՝ երկրում վարակի բացակայության մասին: ԿԺԴՀ Կորոնավիրուսի վարակից հաջողվել է խուսափել նաեւ Տաջիկստանին եւ Թուրքմենստանին, համենայնդեպս՝ պաշտոնական տվյալներով: Տաջիկստանում COVID-19-ի արդեն ավելի քան 700 թեստավորում է իրականացվել, բոլոր թեստերի պատասխանները եղել են բացասական: Վերջին շրջանում երկիր ժամանած բոլոր մարդիկ տեղափոխվել են կարանտինային գոտիներ: ԱՀԿ-ի պաշտոնական տվյալներով, Տաջիկստանի կարանտինային գոտիներում այժմ գրեթե 4 հազար մարդ է մեկուսացված, սակայն վարակի հաստատված ոչ մի դեպք չկա: Տաջիկստան Պաշտոնական տվյալներով, կորոնավիրուս չկա նաեւ Թուրքմենստանում, սակայն միջազգային կառույցները հավաստում են՝ Թուրքմենստանի իշխանությունների հրապարակած վիճակագրություններին այնքան էլ պետք չէ հավատալ: Ավտորիտար պետության համբավ վայելող այս երկրումա մեն ինչ շատ խիստ է: «Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպությունը հայտնել էր, որ այստեղ արգելված է կորոնավիրուս բառը որեւէ կերպ հիշատակելը, արգելվել է անգամ բառը ներառել բժշկական եւ կրթական բուկլետներում, բացառված է կորոնավիրուսի հետ կապված լրատվությունը երկրի մեդիայում, իսկ փողոցում հայտնված ցանկացած մարդու, որը դիմակով է, սպառնում է ազատազրկում: Ահա հենց այս հանգամանքներում է պետական մակարդակով հայտարարվում, որ Թուրքմենստանում կորոնավիրուսի որեւէ դեպք չկա: Թուրքմենստան Այս ամենի հետ մեկտեղ, կորոնավիրուսից զերծ երկրների մեծ մասը, բնականաբար, կղզային պետություններն են: Կիրիբատիի Հանրապետությունը, Մարշալյան կղզիները, Միկրոնեզիան, Նաուրուն, Պալաուն, Սողոմոնի կղզիները, Տուվալուն, Տոնգան, Վանուատուն՝ աշխարհագրական դիրքով մեկուսացած լինելու եւ զբոսաշրջիկների փոքր թվի  պատճառով կարողացել են խուսափել վարակից: Օրինակ՝ 10 հազար բնակիչ ունեցող Նաուրու պետություն տարեկան ընդամենը 160 զբոսաշրջիկ է այցելում, բնակելի հատվածը բավական հեռու է  հիմնական կղզեխմբից: Այնտեղ ընդամենը 1 հիվանդանոց կա, իսկ Տուվալուում՝ 1 հոսպիտալ՝ 100 մահճակալով: Այս շրջանում խաղաղօվկիանոսյան կղզային այս պետություններում առհասարակ չի գործում հաղորդակցությունն արտաքին աշխարհի հետ, փակ են սահմանները, քանի որ իշխանությունները ռիսկի դիմել պարզապես չեն կարող:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր