Վրաստանում արտակարգ դրություն հայտարարվեց: Այս մասին հայտնեց Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիան՝ հատուկ հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում: Արտակարգ դրությունը կապված է կորոնավիրուսի տարածման կանխարգելման աշխատանքների հետ և կտևի մինչև ապրիլի 21-ը, գրում է aliq.ge-ն։
Ավելի վաղ, ազգային անվտանգության խորհրդի նիստին վարչապետն ու նախագահը պայմանավորվել էին՝ արտակարգ դրություն հայտարարելու անհրաժեշտության դեպքում արագ ընդունել որոշումն ու անցնել իրականացմանը:
Հիշեցնենք, որ կորոնավիրուսով վարակվածների թիվը Վրաստանում հասել է 47-ի: Մինչ այս պահը Վրաստանի կառավարությունը մի շարք սահմանափակումներ է մտցրել կորոնավիրուսի տարածման կանխարգելման նպատակով, այդ թվում`
մարտի 18-ից երկու շաբաթով արգելվել է բոլոր օտարերկրացիների մուտքը Վրաստան, բոլոր սահմանները փակ են:
Վրաստանում ուսումնական հաստատությունները հեռահար են գործում, փակ են գրեթե բոլոր հաստատությունները բացի պետական ծառայություններից, բանկերից, սննդի խանութներից, դեղատներից ու բենզալցակայաններից: Խորհրդարանը լրատվամիջոցների հետ որոշում է կայացրել աշխատել առցանց, քննարկվում է խորհրդարանի առցանց գործունեության հարցը ևս:
Արգելվել են երթուղային տաքսիների երթևեկը, սպորտային սրահների գործունեությունը: Կառավարությունը կոչ է անում ինքնամեկուսացվել՝ հատկապես 60-ն անց տարիքով մարդկանց չհաճախել մարդաշատ վայրեր: