00:00:00

Սևանում տուն գնել ցանկացող արաբը անհետացել է, նրան առևանգել են ու գողացել միլիոնները

15:54, 09 ապրիլ 2018

1in.am-ը գրում է․ Վերաքննիչ քրեական դատարանում ընթանում է 45-ամյա Գարեգին Ավագյանի և 29-ամյա Լիպարիտ Մարգարյանի գործով բերված վերաքննիչ բողոքների քննությունը: Գործը քննվել է Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում Վահագն Մելիքյանի նախագահությամբ: Դատական ակտում գործի փաստական հանգամանքները շարադրված են հետևյալ կերպ: Գարեգին Ավագյանին և Լիպարիտ Մարգարյանին մեղադրանք է առաջադրվել մարդու առևանգման և առանձնապես խոշոր չափերի գույքի գողության համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 131 հոդվածի 2-րդ մասի 1-ին և 177 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետերով: Ըստ մեղադրանքի՝  Արաբական Միացյալ Էմիրությունների քաղաքացի Ալի Ազզի Ալի Ավլաքիի Ալնուաիմին ՀՀ է ժամանել և 2014 թվականի ապրիլի 30-ին առանձնատուն գնելու նպատակով մեկնել է Գեղարքունիքի մարզի Սևան քաղաք: Նա այնտեղ պայմանավորվածություն է ձեռք բերել ամբաստանյալ Գարեգին Ավագյանի հայրիկի հետ՝ վերջինիս առանձնատունը գնելու վերաբերյալ: Մինչև 2014 թվականի հուլիսի 19-ը Ալին բնակվել է այդ առանձնատանը: Համաձայնության է եկել առանձնատունը գնել 28 միլիոն դրամով: Փոխադարձ համաձայնությամբ՝ 2014 թվականի մայիսին, որպես առանձնատունը գնելու կանխավճար՝ Ալին 2 միլիոն 560 հազար դրամով գնել է «Մերսեդես Բենց» ավտոմեքենա ու գրանցել է Գարեգինի հայրիկի անունով: Քանի որ գնման ենթակա առանձնատունը գրավադրված էր վարկային կազմակերպությունում, Ալին մարել է 12 միլիոն 85 հազար դրամ վարկը, արգելանքից ազատել է առանձնատունը: Ըստ մեղադրանքի՝ Գարեգին Ավագյանը նախնական համաձայնության է եկել Լիպարիտ Մարգարյանի հետ: Նրանք 2014 թվականի հուլիսի 19-ին Ալիի կամքին հակառակ, նրա նկատմամբ բռնություն գործադրելով, քաշքշելով հանել են Սևան քաղաքի Ցամաքաբերդ թաղամասում գտնվող առանձնատնից, նստեցրել են «Մերսեդես Բենց» ավտոմեքենան ու բացահայտ առևանգելով՝ տեղափոխել են «քննությամբ դեռևս չպարզված տեղանք, որից հետո Ալին անհետ կորել է»: Դրանից հետո, ըստ մեղադրանքի, Գարեգին Ավագյանն ու Լիպարիտ Մարգարյանը Ալիի բանկային հաշվեհամարից, վերջինիս պատկանող վճարային քարտի միջոցով 2014 թվականի հուլիսի 19-ից մինչև սեպտեմբերի  10-ն ընկած ժամանակահատվածում ՀՀ-ում և Արցախում գործող տարբեր բանկոմատներից կանխիկացրել ու գաղտնի հափշտակել են Ալիին պատկանող առանձնապես խոշոր չափերի՝ 47 միլիոն 935 հազար դրամ կանխիկ գումարը: Նախաքննական մարմինը Լիպարիտ Մարգարյանին մեղադրանք էր առաջադրել ևս մեկ մարդու՝ ծանոթուհի Անժելային առևանգելու, նրա նկատմամբ սպանության փորձ կատարելու, ինչպես նաև ապօրինի զինամթերք՝ փամփուշտներ ձեռք բերելու, պահելու  համար: Փամփուշտները հայտնաբերվել են Լիպարիտի ավտոտնակում և առգրավվել են 2014 թվականի սեպտեմբերի 10-ին կատարված խուզարկությամբ: Առաջին ատյանի դատարանը Անժելային առևանգելու, նրա նկատմամբ սպանության փորձ կատարելու մասով Լիպարիտ Մարգարյանին արդարացրել է: Գործի նախաքննության սկզբում ամբաստանյալները մեղադրվել են նաև Ալիին շահադիտական դրդումներով սպանելու համար, բայց նախաքննության ընթացքում քննիչի որոշմամբ սպանության մեղադրանքը վերացվել է: Ըստ դատական ակտի՝ Գարեգին Ավագյանը դատաքննության ընթացքում հայտնել է, որ Սևան քաղաքում գտնվող հայրական տունը գրավադրել են: Իր գործերը վատացել են, իրենք որոշել են տունը վաճառել: Հայտարարություն են տեղադրել համացանցում: Իրեն զանգահարել է Քրիստինե անունով մի աղջիկ, ասել է, թե առանձնատունը ցանկանում է գնել այլազգի մի մարդ: Ինքը վերջնական գին է ասել՝ 110 հազար դոլար: Երկու օր անց այդ աղջիկը նորից է զանգել և ասել է, թե գնորդի հետ գալիս են Սևան: Հանդիպել են «Հարսնաքար» հյուրանոցի մոտ, նրանց տարել է Սևան՝ հայրական տուն: Ալի անունով, ազգությամբ արաբ գնորդը կիսանկուղից սկսած՝ նայել է ամբողջ տունը, հավանել  է ու որոշել է մնալ: Քրիստինեն նրա թարգմանիչն էր, նա չի մնացել՝ ասելով, թե աշխատանքի է: Ալին մնացել է: Ըստ Գարեգինի՝ ամեն օր ինքն Ալիին օգնել է՝ իջեցրել է բակ: Ալին հարցեր է տվել տան վերաբերյալ, ասել է, թե տան տեղում կարելի է սրտաբանական կլինիկա բացել: Ալին համաձայնել է որպես գնման գնի նախավճար՝ վարկային կազմակերպության գրավից հանել առանձնատունը: Նա, ըստ Գարեգինի, գրպանից հանել է 12 միլիոն 85 հազար դրամ կազմող գումարը, իրենք կատարել են բոլոր մուծումները, տունը արգելանքից հանել են: Իր, ծնողների և Ալիի միջև տան առուվաճառքի վերաբերյալ պայմանագիր է կնքվել: Պայմանավորվել են, որ բոլոր ծախսերը՝ գնալ-գալու և այլն, կիսելու են: Ալին նաև իր համար մեքենա է գնել, որպեսզի ինքը մեքենայով տանի-բերի նրան, մեքենայի գնման գումարն էլ հաշվվել է որպես տան գնման կանխավճար: «Մերսեդես» մեքենան հոր անունով են Գյումրիից բերել: Սակայն երբ եկել է առանձնատան համար մնացած գումարը տալու ժամանակը, Ալին ձգձգել է տարբեր պատճառաբանություններով: Իր հայրը դրանից զայրացել է: Երբ Ալին իրենց տանն էր, բազմիցս նրա հետ գնացել են առևտուր անելու, նա վճարային քարտը տվել է իրեն, ինքը գումար է հանել, տվել է Ալիին: Հայրն իրեն զգուշացրել է, որ «թամահ» չանի, ավել գումար չհանի ու չվերցնի: Ամեն անգամ գումար հանելիս ինքը անդորրագրերը տվել է Ալիին, նա ասել է, թե իր հեռախոսին հաղորդագրություն է գալիս՝ հանված գումարի վերաբերյալ: Ալին ասել է, թե վստահում է իրեն: Տան գրանցման հետ կապված՝ ոչ մի նոտար գործարք չի կատարել՝ պատճառաբանելով, որ Ալին «այլազգի է»: Մի նոտար խորհուրդ է տվել, որ Ալին կացության քարտ հանի, հետո գործարքը կատարի: Գնացել են կացության քարտ հանելու, բայց Ալին վերջում չի համաձայնել, տուն են վերադարձել: Ինքն ու իր ընտանիքի անդամները ծառայի նման ծառայել են Ալիին: Երբ նոտարի մոտ են եղել, Ալին փորձել է համոզել, որ տունը գրանցեն նրա անունով, ասել է, թե մնացած գումարը հետո կվճարի: Ալին խոսքի մեջ ասել է, թե Ինտերպոլի աշխատող է եղել Աբու Դաբիում: Այդպես իրենց տանը մնացել է մոտ երեք ամիս: Վերջում Ալին բոլորին ջղայնացնում էր՝ զուգարանում ջուր չէր քաշում, ծխախոտը գցում էր լվացարանի մեջ: Մի օր հայրը բարկացել ու տանից գնացել է՝ ասելով՝ ինչպես Ալիին բերել են, թող այդպես էլ ճանապարհեն: Ալիին բերելուց հետո թարգմանիչ Քրիստինեն զանգել է իրեն ու ասել է, թե Ալիին Սևան բերելու համար 5 հազար դոլար պիտի տա նրան: Ինքն այդ մասին ասել է Ալիին, նա Քրիստինեին անվանել է սուտասան: Մի օր Քրիստինեն մոր ու երեխայի հետ եկել է իրենց տուն: Նա անգլերենով խոսել է Ալիի հետ, իրեն էլ խորհուրդ է տվել Ալիին հանել տանից և գնացել է: Մի օր իրենց տուն են եկել ոստիկանները: Նրանք Քրիստինեի ահազանգով էին եկել՝ իբր Ալիին իրենց տանը վատ են վերաբերվում, իբր՝ նա վտանգի մեջ է: Բայց ոստիկանը Քրիստինեի հետ հեռախոսով խոսել ու ասել է, թե մարդն իր համար հանգիստ, «առոք-փառոք» նստած է, ոչ մի վտանգ չկա: Ոստիկաններն իրեն ասել են, թե կարող է այդ արաբին հանգիստ հանել տանից, քանի որ տունն իր սեփականությունն է: Մյուս օրը ինքն Ալիին ասել է՝ go, ցույց է տվել, որ վեր կենա: Ալիին ասել է, որ նրան ուղարկում է Ջերմուկ: Երբ տան գնի մնացած գումարը կբերի, տունը նոտարական կարգով կգրանցեն նրա անունով, ինքն էլ իր ընտանիքով տանից դուրս կգա: Ալին չի ուզեցել գնալ, ասել է, թե տունն իրենն է, ընտանիքն էլ է իրենը: Բայց ինքը հավաքել է Ալիի իրերը, դրել է մեքենայի մեջ: Ալիին հյուրասենյակից հանել է միջանցք, հետո թևն ընկած իջեցրել ու նստեցրել է մեքենա: Եթե Ալիին հրեր, նա կընկներ, քանի որ հազիվ էր քայլում: Ինքն Ալիին ապօրինի չի հանել իր տանից: Այդ պահին եկել է Լիպոն՝ Լիպարիտ Մարգարյանը: Ինքը նրան ասել է, թե Ալիին ճանապարհում է Ջերմուկ: Լիպոն ասել է, թե մոտերքում կիջնի: Լիպոյին իջեցրել է, իսկ Ալիին հասցրել է Լճաշեն գյուղի խաչմերուկ: Ալիին ու նրա իրերը տեղավորել է խաչմերուկում կանգնած մեքենայի մեջ, 10 հազար դրամ է տվել վարորդին, ասել է, որ Ալիին տանի Ջերմուկի «Արարատ» հյուրանոց: Վերադարձին մեքենան տարել է լվանալու, հանդիպել է ոստիկանների: Նրանք հարցրել են Ալիի մասին, ինքն ասել է, թե հենց նոր ճանապարհել է Ջերմուկ: Ինքն Ալիի քարտը որպես երաշխիք պահել է իր մոտ, որ նա հետ գա: Քանի որ Ալին գումարն ուշացրել է, ինքը տան գինը դարձրել է 120 հազար դոլար ու զգուշացրել է՝ եթե նա ամբողջ գումարը չտա, թող մոռանա կանխավաճարի վերադարձման մասին: Ինքը գիտեր, որ երբ Ալիի քարտից գումար է հանում, նրան հաղորդագրություն է գնում: Մտածել է՝ երբ նա գա, իրենք այդ բոլոր գումարները կհաշվեն: Ալիին ճանապարհելուց հետո նրա մասին տեղեկություն չի ունեցել: Քանի որ Ալիի հետ պայմանավորվել են տան բակը գեղեցկացնելու, տանը ջեռուցում քաշելու վերաբերյալ, ինքը քարտից գումարներ է հանել՝ այդ աշխատանքները կատարելու համար:  Ինքը վստահ էր, որ դրանք իր գումարներն են: Եթե գումարները հափշտակելու նպատակ ունենար, դեմքը փակած կմոտենար բանկոմատին, այնպես գումար կհաներ, որ չնկարվեր: Եղել են դեպքեր, երբ քարտը Լիպոյին է տվել, նա գումար է հանել, չեկով բերել-տվել է իրեն: Սկզբում Ալին լավ մարդու տպավորություն է թողել, հետո սկսել է  ստեր խոսել, դժգոհել է ամեն ինչից, դարձել է անտանելի… Գարեգին Ավագյանն ու Լիպարիտ Մարգարյանը առևանգման ու գողության համար իրենց մեղավոր չեն ճանաչել: Դատարանը գործը քննել է առանց տուժող Ալիի ներկայության: Առաջին ատյանի դատարանը Գարեգին Ավագյանին մեղավոր է ճանաչել մեղսագրված արարքների՝ մարդու առևանգման ու նախնական համաձայնությամբ առանձնապես խոշոր չափերի գույքի հափշտակման համար, վերջնական պատիժ է սահմանել 9 տարի ազատազրկումը: Լիպարիտ Մարգարյանը մեղավոր է ճանաչվել մարդու առևանգման, նախնական համաձայնությամբ գույքի հափշտակության և ապօրինի ռազմամթերք պահելու համար: Վերջնական պատիժ է սահմանվել 8 տարի ազատազրկումը: Պատիժների սկիզբը՝ 2014 թվականի սեպտեմբերի 10-ից: Այս դատավճռի դեմ վերաքննիչ բողոքներ են բերել մեղադրող դատախազը և ամբաստանյալների շահերի պաշտպանները: Մեղադրողը խնդրել է խստացնել ամբաստանյալների պատիժը, ինչպես նաև Լիպարիտ Մարգարյանին մեղավոր ճանաչել այն հոդվածներով, որոնցով առաջին ատյանի դատարանը արդարացրել է: Պաշտպանները խնդրել են բեկանել մեղադրական դատավճիռն ու իրենց պաշտպանյալների նկատմամբ կայացնել արդարացման դատավճիռ: Վերաքննիչ քրեական դատարան այս գործով բողոքները մուտքագրվել են դեռ անցած տարվա մարտի սկզբին: Այս գործի «բախտը» վերաքննիչ դատարանում, կարելի է ասել, չի բերել՝ դատարանի երրորդ կազմն է ներկայումս քննում բողոքները՝ երկու կազմ քննությունը սկսել ու չի ավարտել տարբեր պատճառներով: Այս դատական նիստում վերաքննիչ դատարանը նորից  սկսեց վերաքննիչ բողոքների քննությունը: Առաջինը իր բերած բողոքը հիմնավորեց մեղադրող դատախազ Ա. Հակոբյանը: Նա նշեց, որ առաջին ատյանի դատարանը թույլ է տվել դատական սխալ, նյութական իրավունքի խախտումներ, ինչի արդյունքում ամբաստանյալ Լիպարիտ Մարգարյանն արդարացվել է ծանոթուհուն առևանգելու, նրա նկատմամբ սպանության փորձ կատարելու մեղադրանքներում: Բացի այդ, ըստ մեղադրողի, առաջին ատյանի դատարանը երկու ամբաստանյալի նկատմամբ էլ սահմանել է ակնհայտ մեղմ, նրանց արարքներին ոչ համաչափ պատիժներ: Որպես Լիպարիտ Մարգարյանի կողմից ծանոթուհուն առևանգելու, նրա նկատմամբ սպանության փորձ կատարելու մեղադրանքները հաստատող ապացույց՝ մեղադրողը մատնանշեց գաղտնալսված հեռախոսազրույցները երկու ամբաստանյալների միջև: Լիպարիտ Մարգարյանը Գարեգին Ավագյանի միջոցով ծանոթուհուն լուր է ուղարկել, որ նա հրաժարվի իր դեմ տված ցուցմունքներից. « Ոչ քեզ ավտո եմ նստացրել, ոչ պարան-բան… Պատմություն մի սարքի, վոբշըմ, ասա՝ պռոստը ջղայնացած ես էղել, մորդ վախից տենց ես ասել…»: Մեղադրողն ասաց՝ եթե այդ կնոջը Լիպարիտ Մարգարյանը չի առևանգել, պարանի միջոցով չի փորձել խեղդամահ անել, ինչո՞ւ է բազմիցս նրան խնդրել, որ ցուցմունքները փոխի… Երբ մեղադրողը ներկայացրեց իր բողոքի պահանջները, մասնավորապես՝ ամբաստանյալների նկատմամբ վերջնական պատիժների խստացում, դատարանը հարցրեց՝ կոնկրետ ո՞ր հանցագործության համար ի՞նչ պատժաչափ պիտի սահմաներ առաջին ատյանի դատարանը, որ պատիժները արարքներին համաչափ լինեին: Մեղադրողը յուրաքանչյուր հանցարարքի համար սահմանվելիք պատիժները դժվարացավ նշել, բայց հիշեց, որ առաջին ատյանի դատարանում ինքը Գարեգին Ավագյանի համար միջնորդել է 15, իսկ Լիպարիտ Մարգարյանի համար՝ 16  տարի ազատազրկում: Իր բերած վերաքննիչ բողոքը սկսեց ներկայացնել Լիպարիտ Մարգարյանի շահերի պաշտպան, փաստաբան Աշոտ Սարգսյանը: Նա նշեց, որ առաջին ատյանի դատարանի մեղադրական դատավճիռն անհիմն ու չպատճառաբանված է, դատարանը ճիշտ չի գնահատել ապացույցները, հիմնվել է ենթադրությունների վրա: Փաստաբանը սկսեց Լիպարիտ Մարգարյանին ապօրինի զինամթերք պահելու համար առաջադրված մեղադրանքից: Նախաքննության ժամանակ խուզարկել են այն տունը, որտեղ Լիպարիտ Մարգարյանն ապրում է մոր և երկու քույրերի հետ: Ամենայն հավանականությամբ՝ տանը ոչինչ չի հայտնաբերվել, արձանագրության մեջ թվարկված է միայն, թե ինչ է հայտնաբերվել ավտոտնակում: Ավտոտնակի տարբեր անկյուններից պոլիէթիլենային տոպրակի, պլաստմասսայից թերմոսի մեջ հայտնաբերվել են ռազմամթերք հանդիսացող տարբեր տրամաչափի փամփուշտներ : Լիպարիտն ասել է, թե տեղյակ չէ այդ փամփուշտներից, հնարավոր է՝ դրանք իր հանգուցյալ հոր ժամանակից մնացած լինեն: Պաշտպանը նշեց, որ Լիպարիտենց տունը ութ սենյակ ունի, որտեղ կա նաև Լիպարիտի սենյակը: Եթե փամփուշտները գոնե հայտնաբերվեին հենց Լիպարիտի սենյակում, ինչ-որ տեղ կարելի կլիներ ենթադրություններ անել, բայց ավտոտնակում տան բոլոր անդամներին պատկանող իրեր կան, ու ոչ մի ապացույց չկա, որ այդ փամփուշտները հատկապես Լիպարիտին են պատկանում, ու նա է այդ փամփուշտները  պահել: Վարույթն իրականացնող մարմինը չի նշանակել դատահետքաբանական փորձաքննություն՝ պարզելու՝ կա՞ն Լիպարիտի մատնահետքերը փամփուշտներ պարունակող պոլիէթիլենային տոպրակի կամ պլաստմասսայից թերմոսի վրա: Դատարանը այս մեղադրանքը հաստատված է համարել՝ առանց ապացույցներին անդրադառնալու, առանց վերլուծություն կատարելու: Ենթադրվել  է՝ եթե նույն ավտոտնակում հայտնաբերված թմրամիջոցի փոքրիկ փաթեթը Լիպարիտին էր պատկանում, ուրեմն փամփուշտներն էլ են նրանը՝ սա անհիմն ենթադրություն է՝ ըստ պաշտպանի: Նույն կերպ կարող էին նույն  մեղադրանքն առաջադրել տան մյուս անդամներին՝ Լիպարիտի մայրիկին ու քույրիկներին: Փաստաբանն անդրադարձավ արաբ Ալիի քարտից Գարեգին Ավագյանի ու Լիպարիտ Մարգարյանի կողմից նախնական համաձայնությամբ առանձնապես խոշոր չափերի գումար հափշտակելու մեղադրանքին: Այդ մեղադրանքը հաստատված է գնահատվել հիմնականում այն հիմքով, որ բանկոմատից գումար հանելու պահին որոշ դեպքերում երկուսի հեռախոսներն էլ սպասարկվել են բանկոմատի գտնվելու վայրը սպասարկող ալեհավաքների կողմից: Ըստ փաստաբանի՝ այս ուղղությամբ վարույթն իրականացնող մարմինը կատարել է «մեծածավալ, բայց ոչինչ չհիմնավորող աշխատանք»: Ալեհավաքներ կան, որ սպասարկում են մինչև 32 կմ հեռավորության վրա գտնվող բաժանորդին: Իսկ մասնավորապես՝ Սևան քաղաքի երկարությունը, ըստ պաշտպանի, մոտ հինգ կիլոմետր է: Եթե Գարեգին Ավագյանը Սևանում ինչ-որ բանկոմատից Ալիի քարտով գումար էր կանխիկացնում, իսկ Լիպարիտ Մարգարյանը նստած էր Սևանի իր տանը, նրա բջջային հեռախոսը կսպասարկվեր նույն ալեհավաքի կողմից, դա նախնական համաձայնության ի՞նչ ապացույց է: Գողությունը գաղտնի հափշտակությունն է: Բայց Գարեգին Ավագյանը, իմանալով, որ բանկոմատից գումար հանողը նկարվում է, բացահայտ, առանց դեմքը փակելու գումարներ է հանել: Մի՞թե նա այդքան միամիտ մարդ էր՝ հռետորական  հարց հնչեցրեց պաշտպանը: Որպես ամբաստանյալների միջև գողություն կատարելու նախնական համաձայնությունը հաստատող ապացույց՝ նշված է գաղտնալսված հեռախոսազրույցը, որի ժամանակ Լիպարիտ Մարգարյանը Գարեգին Ավագյանից խնդրել է իրեն տալ «էնի»: Գարեգին Ավագյանը մերժել է նրան: Ենթադրվել է, թե «էնի»-ն Ալիի քարտն է: Բայց եթե նախնական համաձայնություն էին կայացրել, և եթե «էնի»-ն հենց Ալիի քարտն էր, Գարեգինը ինչո՞ւ է մերժել Լիպարիտին: Եթե համատեղ էին գումարները հափշտակում, Գարեգինն ինչո՞ւ է շատ ավելի գումար հանել, քան Լիպարիտը: Փաստաբանը հիշատակեց, որ այս գործով կասեցված մաս կա: Մեղադրողը տեղեկություն չի հայտնում՝ ի՞նչ վիճակում է այդ մասի քննությունը, արաբ Ալիի մասին ի՞նչ տեղեկություններ կան, որտե՞ղ է նա գտնվում, վերջապես կա՞ էդ մարդը, թե՞ չկա… Առանց  Ալիի դիրքորոշումը պարզելու ՝ նրան տուժող են ճանաչել, նրանից կատարված գողության համար մարդկանց են դատել… Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր