00:00:00

Ավարտվեց Հայ դատի հանձնախմբերի և գրասենյակների հնգօրյա համաժողովը

18:40, 02 մարտ 2020 Հասարակություն

2020 թ. փետրվարի 24-28-ին Երևանում և Ստեփանակերտում գումարվեց ՀՅԴ Հայ դատի հանձնախմբերի և գրասենյակների համաժողովը։  Համաժողովին մասնակցեցին Հայ դատի ավելի քան 20 հանձնախմբերի  ու գրասենյակների և ՀՅԴ կուսակցական մարմինների մոտ 50 ներկայացուցիչներ։  Համաժողովը քննարկեց Հայ դատի աշխատանքների ընթացքը 2019  թ. հունվարից առ այսօր։ Լսեց զեկույցներ Հայաստանի Հանրապետության արտաքին քաղաքականության մարտահրավերների և  ՀՀ ներքաղաքական իրավիճակի մասին։ Խորհրդաժողովի օրակարգի  հիմնական հարցերն էին.
  • ՀՀ-ին ի նպաստ իրազեկման (լոբբինգ) աշխատանքներ.
  • Պայքար Արցախի միջազգային իրավական ճանաչման համար և Ադրբեջանի հակահայ քաղաքականության դեմ, Արցախի բարեկամների ցանցի աշխուժացում.
  • Աշխատանքներ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման և պահանջատիրական պայքարի ուղղությամբ. 
  • Ջավախքի հայության իրավունքների պաշտպանության ուղղությամբ նախաձեռնություններ.
  • Նախիջևանի հայկական ինքնության արծարծում միջազգային շրջանակներում.
  • Սևրի դաշնագրի և Հայաստան-Թուրքիա սահմանի մասին Վիլսոնյան իրավարար վճռի 100-ամյակի նշում քաղաքական բովանդակությամբ.
  • Մոսկվայի և Կարսի դաշնագրերի 100-րդ տարին. դրանց հետևանքների սրբագրման և վերացման ձևերը.
  • Սիրիայի, Լիբանանի, ընդհանրապես Մերձավոր Արևելքի հայությանը աջակցություն (տեղում և Հայաստանում).
  • Հայ դատի հանձնախմբերի և գրասենյակների հնարավորությունների զարգացում։ 
Համաժողովը յուրաքանչյուր հարցի շուրջ հանգեց համապատասխան եզրակացությունների և կայացրեց որոշումներ առաջիկա գործունեության վերաբերյալ։ Համաժողովը մտահոգություն արձանագրեց Արցախի հիմնախնդրի խաղաղ կարգավորման բանակցությունների ներկա փուլի շուրջ ստեղծված անորոշությունների վերաբերյալ և շեշտեց հայկական քաղաքական բոլոր ուժերի կողմից վերահաստատման կարևորությունը, որ Արցախի Հանրապետության միջազգային ճանաչումն  առաջնահերթություն է կարգավորման գործընթացում։ Համաժողովի ժամանակ ողջույնի ուղերձով հանդես եկավ Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը, ով ՀՅԴ Հայ դատի կենտրոնական խորհրդին պարգևատրեց «Երախտագիտություն» մեդալով՝ «Արցախի Հանրապետության միջազգային ճանաչմանն ուղղված ակտիվ գործունեության, Արցախ-Սփյուռք կապերի ամրապնդման ու զարգացման գործում ներդրած նշանակալի ավանդի համար»։ ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ  Հակոբ Տեր-Խաչատուրյանը, ստանալով մեդալը, հայտնեց, որ այն գնահատականն է Հայ դատի ողջ համակարգի գործունեության։     ՀՅԴ Հայ դատի կենտրոնական խորհուրդ

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր