00:00:00

Մոսկվայում ադրբեջանցու կողմից սպանված հայի ընտանիքը բաց նամակով դիմել է ՌԴ ԱԳՆ-ին եւ Գլխավոր դատախազությանը (ֆոտո)

20:37, 29 փետրվար 2020 Աշխարհ

2013 թվականին Մոսկվայում սպանված Լեւոն Գրիգորյանի ընտանիքը բաց նամակով դիմել է ՌԴ ԱԳՆ-ին եւ Գլխավոր դատախազությանը՝ պահանջելով հետաքննել եւ քրեական պատասխանատվության ենթարկել արցախցի հայ երիտասարդին սպանած Ս.Մ. Ջաֆարովին, որը փախել է Ադրբեջան, հաղորդում է Infoteka 24-ը: «Մեր Լյովկան 23 տարեկան էր, երբ 2013 թվականի փետրվարի 23-ին ադրբեջանցին լկտիաբար մեջքից դանակով երկու մահացու հարված հասցրեց՝ առաջին հարվածը հասցնելով թոքերին, երկրորդը՝ սրտին… կանգնեցնելով Լյովկայի կյանքը Մոսկվայում Ռուդնեւկա փողոցի թիվ 19 տան մոտ»,- ասվում է նամակում: Լեւոն Գրիգորյանը (Լյովկա) պաշտպանել է երկու աղջիկների, որոնց նույնիսկ 18 տարեկանը չէր լրացել: «Չիկագո» ակումբում ադրբեջանցի 3 հարբած անձինք բացահայտորեն եւ լկտիաբար ոտնձգություններ են կատարել աղջիկների նկատմամբ՝ չնայած ծանոթանալու մերժումներին: Գրիգորյանը նրանց նկատողություն է արել, որից հետո ծեծկռտուք է սկսվել: Ծեծկռտուքի ժամանակ ադրբեջանցիներից մեկը՝ Ս.Մ. Ջաֆարովը մոտեցել է Լ.Ա. Գրիգորյանին, դանակով մեջքից երկու մահացու հարված հասցրել Գրիգորյանին, եւ արդեն տղայի մահից հետո ադրբեջանցիները լքել են ակումբը: ՌԴ Քննչական կոմիտեն մեկ տարի շարունակ հետախուզում չի հայտարարել Ադրբեջանի քաղաքացու նկատմամբ՝ վերջինիս հնարավորություն տալով թաքնվել իր հայրենիքում: Հանցագործությունից 7 տարի անց մարդասպանն այդպես էլ չի պատժվել: Ադրբեջանի իշխանությունները՝ ադրբեջանցու կողմից Արցախի բնակչի սպանության փաստով քրեական գործ ստանալով՝ չնայած ՌԴ Գլխավոր դատախազության բազմաթիվ հարցումներին եւ պահանջներին, դադարեցրել են քրեական հետապնդումը Ս.Մ. Ջաֆարովի նկատմամբ: Ավելին, դադարեցնելով քրեական գործը՝ Ադրբեջանը մինչ այժմ գործը չի փոխանցել Ռուսաստանին: Սպանվածի ընտանիքը դիմել է նաեւ ՀՀ ԱԳՆ-ին եւ Գլխավոր դատախազությանը, սակայն հայկական կառույցներն ի վիճակի չեն եղել օգնել: Ռուսաստանի Դաշնային ժողովի Պետդումայի ղեկավարի տեղակալ Ի.Ա. Յարովայան անձամբ դիմել է ՌԴ ՔԿ ղեկավարին՝ պահանջելով վերահսկել հետաքննության ընթացքը, սակայն որեւէ արդյունքի չի հասել: Բաքվի համար սովորական պրակտիկա է դարձել հանցագործին թաքցնելը եւ ապաստան տրամադրելը: Բավական է հիշել Հունգարիայում ադրբեջանցի Ռամիլ Սաֆարովի կողմից հայ սպա Գուրգեն Մարգարյանի սպանությունն ու Սաֆարովի հերոսացումը: Լեւոն Գրիգորյանի սպանության դեպքում Ջաֆարովը, հավանաբար, էլ ավելի մեծ պատիվ ունի, քանի որ պարզապես ոչ թե հայի է սպանել, այլ Արցախի բնակչի: Եվ Ադրբեջանի քաղաքականությունը, որի համար «մարդու իրավունքները» ոչ այլ ինչ են, քան բառակույտ, զարմանալի չէ՝ ի տարբերություն ռուս իրավապահների գործողությունների, որոնք իրենց անգործությամբ մարդասպանին թույլ են տվել լքել ՌԴ տարածքը: Այդ համատեքստում համապատասխան կառույցները պետք է շտկեն իրավապահների սխալն ու վերականգնեն միութենական հանրապետության քաղաքացիների նկատմամբ արդարությունը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր