Սաուդյան Արաբիան մի շարք միջոցներ է ձեռնարկել իր տարածքում նոր տեսակի կորոնավիրուսի տարածումը կանխելու համար: Այս մասին հայտնել է թագավորության ԱԳՆ-ն, փոխանցում է ՏԱՍՍ-ը:
Կառավարությունը, մասնավորապես, կարգադրել է կասեցնել ումրա՝ փոքր հաջ անցկացնելու նպատակով անձանց մուտքը երկիր, որը մուսուլմաններն անցկացնում են ցանկացած ժամանակ՝ բացառությամբ մեծ հաջի ամսվա:
Դրանից բացի, ժամանակավորապես արգելվել է թագավորություն այն պետություններից զբոսաշրջիկների այցելությունը, որոնց տարածքում «գրանցվել է Սաուդյան Արաբիայի առողջապահության մարմինների չափանիշներին համապատասխանող կորոնավիրուսի բռնկում»: Իշխանությունները սահմանափակումներ են մտցրել նաեւ Պարսից ծոցի երկրների համագործակցության խորհրդի անդամ պետությունների բնակիչների կողմից երկիր մուտք գործելու համար անձնագրի փոխարեն անձը հաստատող ազգային վկայականների օգտագործման վրա: Գերատեսչությունից ընդգծել են վիրուսի դեմ պայքարում երկրների եւ միջազգային կազմակերպությունների, առանձնապես Առողջապահության համաշխարհային կազմակերպության ձեռնարկած միջոցառումներին աջակցելու պատրաստակամության մասին: