00:00:00

Ավստրիայում գրանցվել է կորոնավիրուսով վարակման առաջին երկու դեպքը

22:04, 25 փետրվար 2020 Աշխարհ

Ավստրիայի արևմտյան Տիրոլ դաշնային շրջանում կորոնավիրուսով վարակման երկու դեպք է գրանցվել: Այս մասին տեղեկացնում է iz.ru կայքը` հղում անելով Տիրոլի նահանգապետ Գյունտեր Պլատերին: Ավստրիայի տարածքում սա կորոնավիրուսով վարակվելու առաջին դեպքերն են: Երկու մարդ բժշկական հաստատություններ է դիմել կորոնավիրուսի նախանշաններով: Նշվում է, որ վարակվածների վիճակը կայուն է: Վարակվածներից մեկը վերջերս է վերադարձել Իտալիայի Լոմբարդիա շրջանից, որտեղ նույնպես կորոնավիրուսով վարակման դեպքեր են գրանցվել: Ինչպես ավելի վաղ նշել էինք, Covid-19 տեսակի կորոնավիրուսի հարուցիչով պայմանավորված հիվանդությունը շարունակվում է արագորեն տարածվել մի շարք երկրներում: ԱՀԿ ղեկավարի խոսքով` առավել անհանգստացնող են վերջին օրերին Հարավային Կորեայում, Իտալիայում, Իրանում գրանցված դեպքերը: Այնուամենայնիվ ամենաշատ դեպքերը գրանցվել են համաճարակի օջախ դարձած Չինաստանում, որտեղ գրանցվել է վարակի 77 000 դեպք, որից` 2600-ը մահվան ելքով: Չինաստանի սահմաններից դուրս 30 երկրում հաստատվել է վարակման 1200 դեպք, որից 20-ը` մահվան ելքով: Covid-19 կորոնավիրուսից մահացության տոկոսը տատանվում է 1-2-ի միջև` չնայած ԱՀԿ-ն զգուշացնում է, որ այս տվյալների մասին ամենայն վստահությամբ չի կարելի խոսել: Երկուշաբթի օրը վարակման առաջին դեպքեր են գրանցվել նաև Աֆղանստանում, Քուվեյթում, Օմանում և Բահրեյնում, որտեղ վարակակիրները ժամանել են Իրանից:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր