Մավրիկիոսի իշխանություններն արգելել են Alitalia իտալական ավիաընկերության չվերթով կղզի ժամանած ուղևորների մի մասին իջնել ինքնաթիռից:
Ինչպես հայտնում է Известия-ն՝ հղում անելով իտալական աղբյուրին, ինքնաթիռից դուրս գալ թույլ են տվել միայն Իտալիայի այն քաղաքացիներին, որոնք չեն բնակվում այն մարզերում, որտեղ կորոնավիրուսով վարակման դեպքեր են գրանցվել: Լոմբարդիայի և Վենետոյի շուրջ 40 բնակիչներ մնացել են օդանավի ներսում:
Իտալիայի ԱԳՆ-ի հետ համաձայնեցմամբ Alitalia-ն պատրաստվում է վերադարձնել ուղևորներին հայրենիք, թեև նրանցից ոչ ոք ինքնազգացողության վատթարացման և կամ այլ առողջական գանգատներ չի հայտնել:
Հիշեցնենք, որ COVID-19 կորոնավիրուսի համաճարակը բռնկվել է 2019թ. դեկտեմբերին Չինաստանում: Հիվանդությունը տարածվել է մի քանի տասնյակ այլ քաղաքներում: Փետրվարի 24-ի դրությամբ վիրուսի հետևանքով Չինաստանում 2625 մարդ է մահացել, վարակակիրների թիվը գերազանցել է 79 000-ը: