00:00:00

Էրդողանն Իդլիբում իրավիճակը «պատերազմ» է անվանել

22:20, 21 փետրվար 2020 Աշխարհ

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Անկարան Սիրիայի Իդլիբ նահանգում կգործի` Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ ձեռք բերված համաձայնություններից ելնելով: Այս մասին տեղեկացնում է haberler.com կայքը:
Թուրքիայի նախագահը նշել է, որ այսօր` ժամը 18:00-ին (Երևանի ժամանակով 19:00-ին), հեռախոսազրույց է ունենալու ՌԴ նախագահի հետ: Հեռախոսազրույցի թեման լինելու է Իդլիբի հարցը, որի պատճառով ռուս-թուրքական հարաբերությունները սրվել են: Էրդողանը նշել է, որ Իդլիբում տեղի ունեցողը կարելի է անվանել «պատերազմ»` ելնելով բախումների մասշտաբներից: Թուրք առաջնորդի խոսքով` բախումների ժամանակ սպանվել է սիրիական բանակի 150 զինվոր:
Էրդողանը տեղեկացրել է նաև, որ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն ու Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը Պուտինին առաջարկել են մարտի 5-ին քառակողմ գագաթնաժողով հրավիրել Ստամբուլում, բայց ՌԴ նախագահը «ցանկալի պատասխան չի տվել»: Անցյալ տարվա հոկտեմբերի 9-ին Թուրքիան հայտարարել էր Սիրիայում ռազմական գործողության մեկնարկի մասին, որի արդյունքում երկիրը հարվածներ է հասցրել սիրիական Թել Աբյադ, Ռաս էլ Այն քաղաքներին ու այլ բնակավայրերի: Նպատակը տարածքը «ՔԱԿ-ի ահաբեկիչներից մաքրելն է», այնտեղ անվտանգության գոտի ստեղծելն ու 3-4 միլիոն սիրիացի փախստականներին այնտեղ բնակեցնելը: Հիշեցնենք, որ 2019 թվականի հոկտեմբերի 22-ին Սոչիում Ռուսաստանի և Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինի և Ռեջեփ Թայիփ Էրդողանի հանդիպման արդյունքում կնքվել է հուշագիր, որի 5-րդ կետում նշվում է, որ սկսած հոկտեմբերի 23-ի ժամը 12:00-ից թուրք-սիրիական սահմանի սիրիական կողմում, որը դուրս է Թուրքիայի «Խաղաղության ակունք» գործողության շրջանից, կմտնեն ՌԴ ռազմական ոստիկանության և Սիրիայի սահմանապահ ջոկատները: Նրանք պետք է նպաստեին քրդական խմբավորումների դուրսբերմանը թուրք-սիրիական սահմանից 30 կմ հեռավորության վրա, որը պետք է ավարտվեր հոկտեմբերի 23-ի ժամը 12:00-ից սկսած 150 ժամվա ընթացքում: Փետրվարի 4-ին Թուրքիան հայտարարել էր, որ Ռուսաստանի աջակցությունը վայելող Սիրիայի կառավարական ուժերի գործողությունների հետևանքով 7 թուրք զինվոր է մահացել, ինչի պատճառով ռուս-թուրքական հարաբերություններում առաջացած լարվածությունը թույլ չի տալիս շարունակել համատեղ պարեկությունն Իդլիբում:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր