Ակցիայի մասնակիցները հանդես են գալիս Իրակլի Շոթաձեին հանրապետության գլխավոր դատախազ նշանակելու դեմ: Այսօրվա ակցիան կապված է խորհրդարանի բյուրոյի նիստի հետ, որտեղ որոշվելու է, թե հարցը երբ քվեարկության կդրվի լիագումար նիստում:
«Ցավոք մենք գիտենք, որ նրանք կպաշտպանեն Շոթաձեի թեկնածությունը, ուստի հարկավոր է փոխել Իվանիշվիլիի ամբողջ ուղղաձիգը»,-լրագրողներին հայտարարել է ակցիային մասնակցող «Եվրոպական Վրաստանի» ղեկավարներից մեկը՝ Գիգա Բոկերիան:
Հանրահավաքի մասնակիցները փորձել են փակել Չիչինաձե փողոցի երթեւեկելի մասը, ինչի պատճառով ընդհարումներ են տեղի ունեցել ոստիկանության հետ:
Ցուցարարները մեծամասնությունից պատգամավորների համար կազմակերպել են այսպես կոչված «ամոթանքի միջանցք» եւ նրանց ուղեկցել սուլոցներով ու վիրավորական բացականչություններով:
Նախօրյակին իրավաբանական հարցերի խորհրդարանական կոմիտեն պաշտպանել է Իրակլի Շոթաձեի թեկնածությունը գլխավոր դատախազի պաշտոնի համար, ինչն առաջացրել է ընդդիմության վրդովմունքը:
Նախկին գլխավոր դատախազի թեկնածությունը փետրվարի 7-ին առաջադրել է Դատախազական խորհուրդը: Գաղտնի քվեարկության ընթացքում նրա օգտին քվեարկել են խորհրդի 12 ներկայացուցիչներից 11-ը:
36 տարեկան Իրակլի Շոթաձեն արդեն երեք տարի՝ 2015 թվականի նոյեմբերից մինչեւ 2018 թվականի մայիսն աշխատել Է Վրաստանի գլխավոր դատախազի պաշտոնում, հաղորդել է Sputnik-ը: