Վայրէջքի պատրաստվող օդանավը, որում 172 ուղեւոր կար, քիչ էր մնում հայտնվեր սիրիական բանակի կրակի տակ, որը հետ էր մղում Դամասկոսի մերձակայքում Իսրայելի հարձակումը: Արդյունքում օդանավը տարել են ռուսական ավիաբազա, հայտնել է ՌԴ պաշտպանության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Իգոր Կոնաշենկովը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Գեներալի խոսքով՝ հինգշաբթի գիշերը ժամը 2-ից հետո Իսրայելի ՌՕՈՒ չորս F-16 կործանիչներ առանց Սիրիայի օդային տարածք մտնելու ութ «օդ-հող» հրթիռով անսպասելի հարվածներ են հասցրել երկրի մայրաքաղաքի արվարձաններին: Ի պատասխան՝ սիրիական կառավարական զորքերը կիրառել են ՀՕՊ զենիթահրթիռային համալիրներ:
Այդ պահին Դամասկոսի միջազգային օդանավակայանի շրջանում վայրէջքի էր պատրասվում Airbus-320 օդանավը: Կոնաշենկովը նշել է, որ միայն օդանավակայանի կարգավարների օպերատիվ գործողությունների եւ օդային երթեւեկության կառավարման ավտոմատացված համակարգի արդյունավետ աշխատանքի շնորհիվ է հաջողվել աերոբուսը հեռացնել խոցման գոտուց եւ բարեհաջող վայրէջքի տանել «Հմեյմիմ» բազայի մոտակա պահեստային օդանավակայանում:
Գեներալն ընդգծել է, որ ամբողջ աշխարհում ուղեւորատար չվերթների շարժումն իրականացվում է հայտնի բարձրություններում, որոնք Իսրայելի ռադիոտեղորոշման միջոցները հստակ տեսնում են: Նա հավելել է, որ իսրայելական ՌՏՄ-ները ոչ պակաս հստակությամբ տեսնում են Դամասկոսի օդանավակայանի շրջանում օդային իրադրությունը: