Թուրքական լրատվամիջոցները Թուրքիայի նախագահի խորհրդական եւ Վան նահանգից խորհրդարանի նախկին պատգամավոր Գյուշեն Օրհանին են մեղադրում չորեքշաբթի Թուրքիայի արեւելքում ձնահոսքի տակ 33 փրկարարների զոհվելու համար, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
«Նախագահի խորհրդական՝ տիկին Օրհանը չնայած փրկարարների նախազգուշացմանը, կարգադրել էր ճանապարհը ձյունից մաքրել, քանի որ նրա գլխավորած պատվիրակությունը ճանապարհով ուղեւորվում էր հարեւան շրջանում տեղի ունեցած միջոցառումից, որը գտնվում էր առաջին ձնահոսքի գոտում: Ձնահավաք ծանր տեխնիկայի աղմուկն էլ առաջացրել է նոր ձնահոսքը, որի տակ փրկարարները զոհվել են»,- HaberTurk-ի թղթակիցն ասել է հեռուստաալիքի ուղիղ եթերում:
Նրա խոսքով՝ Օրհանը կարգադրել է առջեւից ընթանալ 4-5 ձնահավաք մեքենաների՝ մաքրելու համար ձնահոսքի վտանգի պատճառով փակ ճանապարհը: Աշխատող մեքենաների աղմուկը եւ օդի տատանումն էլ առաջացրել են նոր ձնահոսքը, որը ծածկել է փրկարարներին:
Վանի նահանգապետ Մեհմեթ Էմին Բիլմեզն ավելի վաղ հայտնել էր, որ Բահչեսարայի շրջանում ձնահոսքի պատճառով զոհվել է միկրոավտոբուսի առնվազն 3 ուղեւոր եւ երկուսն անհետ կորել է: Տեղական իշխանությունները չորեքշաբթի տեղեկացրել էին, որ նոր ձնահոսքը ծածկել է 5 ավտոմեքենաներ, որոնց մեջ եղել է դեպքի վայրում աշխատող փրկարարական ծառայության ավելի քան 50 աշխատակից: Թուրքիայի արտակարգ իրավիճակների վարչությունը հայտնել էր, որ արդյունքում զոհվել է եւս 26 մարդ, 76-ը ստացել մարմնական վնասվածքներ: Այնուհետեւ երկրի նախագահ Թայիփ Էրդողանը հայտնել էր, որ զոհվածների թիվը հասել է մինչեւ 33-ի: