Անվտանգության հարցերով Մյունխենի կոնֆերանսի ժամանակ նախատեսում են հանդիպել այն 5 երկրների ԱԳ նախարարությունների ներկայացուցիչները, որոնց քաղաքացիները զոհվեցին Իրանում հունվարին տեղի ունեցած ավիաաղետի հետեւանքով:
Կոնֆերանսը տեղի կունենա փետրվարի 14-16-ը: Այս մասին հայտնել է Ուկրաինայի Արտաքին գործերի նախարար Վադիմ Պրիստայկոն:
Թե կոնկրետ ինչ օրակարգով է լինելու 5 երկրների ներկայացուցիչների հանդիպումը, առայժմ չի հստակեցվում:
Պրիստայկոն միայն նշել է, որ Ուկրաինան Իրանից պահանջներ ունի՝ իր զոհված քաղաքացիների ընտանիքների դրամական փոխհատուցումների հետ կապված: Բացի այդ, նրանք պահանջելու են Իրանից՝ հնարավորինս կարճ ժամկետներում իրենց փոխանցել ինքնաթիռի սեւ արկղերը, ինչպես նաեւ փակել ուկրաինական ավիաընկերության վնասներն ու ծախսերը, որին պատկանում էր կործանված ինքնաթիռը:
Հիշեցնենք, ուկրաինական Boeing 737 օդանավը կործանվեց հունվարի 8-ին: Զոհվեց 176 մարդ, նրանցից 167-ը Իրանի, Ուկրաինայի, Կանադայի, Մեծ Բրիտանիայի, Գերմանիայի, Շվեդիայի եւ Աֆղանստանի քաղաքացիներ էին, 9-ը՝ անձնակազմի անդամներ: Ավելի ուշ պարզվեց, որ իրանական կողմը մարդկային սխալի հետեւանքով 2 հրթիռներով խոցել էր մարդատար օդանավը: Այդ մասին հրապարակային հայտարարեց Իրանի նախագահ Հասան ռոհանին՝ ներողություն խնդրելով եւ ցավակցելով բոլոր երկրներին: