00:00:00

Իրանն առաջարկել է ՕՊԵԿ-ի արտահերթ գագաթաժողովում համաձայնեցնել նավթահանման կրճատումը

23:56, 03 փետրվար 2020 Աշխարհ

Իրանի նավթի նախարար Բիժան Նամդար Զանգանեն հայտարարել է, որ կորոնավիրուսի բռնկման հետեւանքով նավթի գինն ընկել է բարելի համար 60 դոլարից էլ ցածր ցուցանիշի, եւ ՕՊԵԿ-ի արտահերթ գագաթաժողովում առաջարկել է համաձայնեցնել նավթահանման կրճատման պայմանները, հայտնում է ՏԱՍՍ-ը՝ հղում կատարելով Shana-ին։ «ՕՊԵԿ-ի նախագահի հետ զրույցում ես ասացի, որ եթե արտահերթ հանդիպումը կայանա մինչեւ մարտին պլանավորված նիստը, ապա բոլոր անդամները պետք է պատրաստ լինեն հանքահանման կրճատման մասին որոշում կայացնելու»,- նախարարի խոսքերն է մեջբերում գործակալությունը։ Զանգանեն նշել է, որ եթե երկրները պատրաստ չեն այդ որոշմանը, ապա արտահերթ հանդիպման կարիք չկա, եւ մարտի 4-5-ը կանցկացվի պլանավորված նիստը։ Brent ապրանքանիշի նավթի գինը հունվարի 20-ից, երբ շուկաները սկսեցին արձագանքել կորոնավիրուսի տարածմանը, իջել է 10 տոկոսով։ Անցյալ շաբաթ դադարեցվել են Լատինական Ամերիկայից նավթամթերքների մատակարարումները Չինաստան, ինչպես նաեւ կրճատվել են մատակարարումները Արեւմտյան Աֆրիկայից։ Ուրբաթ օրը Brent-ի ապրիլյան ֆյուչերսի գինը ICE բորսայում օգոստոսի 7-ից առաջին անգամ իջել է 2,45 տոկոսով՝ հասնելով 55,93 դոլարի։ WTI ապրանքանիշի նավթի մարտյան ֆյուչերսների գինը ընկել է 1,8 տոկոսով՝ հասնելով 51,14 դոլարի՝ 1 բարելի համար։ ՉԺՀ-ում կորոնավիրուսով վարակվածների թիվը գերազանցում է 17 000-ը, ավելի քան 360 մարդ մահացել է։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր