Ղազախստանի առաջին նախագահ Նուրսուլթան Նազարբաևը Ռուսաստանի հետ Ղազախստանի հարաբերությունները բնութագրել է որպես «օրինակելի» և հույս է հայտնել, որ միշտ այդպես էլ կլինի: Այս մասին տեղեկացնում է РИА Новости գործակալությունը` հղում անելով Նազարբաևի մամուլի ծառայությանը:
Փետրվարի 1-ին Նազարբաևը հանդիպել է Ռուսաստանի վարչապետ Միխայիլ Միշուստինի հետ: Հանդիպման ընթացքում Ղազախստանի առաջին նախագահը շնորհավորել է Միշուստինին` ՌԴ վարչապետի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ:
«Իմ աշխատանքի բոլոր տարիների ընթացքում ես փորձել եմ ամրապնդել Ռուսաստանի և Ղազախստանի միջև համագործակցությունը: Եւ ես կարծում եմ, որ մեր երկկողմանի հարաբերություններն օրինակելի են: Ես շատ եմ ուզում, որ միշտ այսպես մնա»,-ասել է Նազարբաևը:
Իր հերթին Միշուստինը շնորհակալություն է հայտնել Նազարբաևին հանդիպման համար և փոխանցել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ողջույնի ջերմ խոսքերը: Հանդիպման ժամանակ կողմերը քննարկել են ԵԱՏՄ շրջանակներում համագործակցության խորացման հնարավորություններ, ենթակառուցվածքային ոլորտի զարգացումն ու մայրցամաքի երկրների հետ առևտրային հարաբերությունների զարգացումը: