00:00:00

Պետդեպը խոստացել է ընդլայնել հակառուսական պատժամիջոցները

02:35, 01 փետրվար 2020 Աշխարհ

ԱՄՆ-ը պատժամիջոցներ կսահմանի Ռուսաստանի դեմ այնքան ժամանակ, քանի դեռ Ռուսաստանը չվերադարձնի Ղրիմն Ուկրաինային, ուրբաթ հերթական անգամ հայտարարել է Պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ Մորգան Օրթագուսը Պետքարտուղար Մայք Պոմպեոյի՝ Կիեւ այցի առնչությամբ, հաղորդում է ՌԻԱ Նովոստի-ն: «Այսօր մենք հարգել ենք այն մարդկանց հիշատակը, որոնք զոհվել են Ուկրաինայում ագրեսիայի հետեւանքով: Մենք կշարունակենք պատժամիջոցներ սահմանել Ռուսաստանի դեմ, քանի դեռ նա չապահովի խաղաղություն Դոնբասում»,-թվիթերյան գրառում է կատարել նա: Ինքը՝ Պոմպեոն, որն այդ օրը Ուկրաինայի ԱԳ նախարար Վադիմ Պրիստայկոյի հետ ծաղիկներ է խոնարհել Դոնբասում «ռուսական ագրեսիայի» հետեւանքով զոհերի հիշատակին, չի խոստացել նոր պատժամիջոցներ, սակայն հավաստիացրել է, որ ներկայիս պատժամիջոցները պահպանվում են: «Ռուսաստանի դեմ պատժամիջոցներն ուժի մեջ կմնան, քանի դեռ գործողությունները, որոնք հանգեցրել են այդ ողբերգական մահերին, չեն դադարել»,-նշել է նա թվիթերյան իր էջում: Ղրիմը դարձել էր Ռուսաստանի մարզ այնտեղ 2014 թվականի մարտին անցկացված հանրաքվեից հետո, որի արդյունքում Ղրիմի Հանրապետության եւ Սեւաստոպոլի ընտրողների մեծամասնությունը Ռուսաստանի կազմում հայտնվելուն կողմ էր քվեարկել: Ղրիմի իշխանությունները հանրաքվե էին անցկացրել 2014 թվականի փետրվարին Ուկրաինայում պետական հեղաշրջումից հետո: Ուկրաինան դեռեւս համարում է Ղրիմը որպես ժամանակավորապես օկուպացված իր տարածք: Ռուսաստանի ղեկավարությունը բազմիցս հայտարարել է, որ Ղրիմի բնակիչները դեմոկրատական եղանակով, միջազգային իրավունքի եւ ՄԱԿ-ի կանոնադրության համաձայն քվեարկել են Ռուսաստանի հետ վերամիավորվելու համար: ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի խոսքով՝ Ղրիմի հարցը «վերջնականապես փակ է»: ԱՄՆ-ը չի ճամաչում այդ որոշումը, եւ հետեւապես սահմանում է պատժամիջոցներ ռուսական ընկերությունների, վարչությունների եւ քաղաքացիների դեմ՝ պահանջելով վերադարձնել թերակղզին Ուկրաինային: Ռուսաստանը ձեռնարկել է պատասխան միջոցներ, բռնել է ներմուծման փոխարինման ուղին եւ բազմիցս հայտարարել, որ պատժամիջոցների լեզվով Ռուսաստանի հետ խոսելն ապարդյուն է: Ռուսաստանը բազմիցս հայտարարել է, որ Դոնբասում հակամարտության կողմ եւ Մինսկի համաձայնությունների սուբյեկտ չէ:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր