00:00:00

Միշուստինը կոչ է արել կենտրոնանալ ԵՏՄ ներսում խոչընդոտների վերացման վրա

22:15, 31 հունվար 2020 Աշխարհ

Ռուսաստանի վարչապետ Միխայիլ Միշուստինը Եվրասիական տնտեսական միության իր գործընկերներին կոչ է արել կենտրոնանալ ինտեգրացիոն միավորման ներսում առեւտրի համար խոչընդոտների վերացման վրա, փոխանցում է ՏԱՍՍ-ը: «Մոտ ժամանակում ինչի՞ վրա է անհրաժեշտ մեզ կենտրոնանալ: Առաջին խնդիրն է ներքին առեւտրում խոչընդոտների վերացումը եւ բիզնեսի համար մրցակցային պայմանների զարգացումը»,- ասել է նա Եվրասիական միջկառավարական խորհրդի ընդլայնված նիստում: Ռուսաստանի վարչապետը նշել է, որ սա դժվար եւ աշխատատար աշխատանք է, որը փոխզիջումներ է պահանջում եւ պատարստակամություն կառուցողականորեն մոտենալ ոչ պարզ հարցերի լուծմանը: «Այս տարի նախագահող Բելառուսը այդ ուղղությունն առանձնացրել է որպես առաջնային: Մենք դրան աջակցում ենք»,- շեշտել է Միշուստինը: Նա նշել է, որ ընդհանուր շուկայի թափանցիկությունը մեծացնող մեխանիզմն է ապրանքների հետեւելը եւ մակնշումը: Ռուսական կողմն առաջարկել է այն տարածել ապրանքների ավելի ընդարձակ ցուցակի վրա: «Հիշեցնեմ, որ մենք ընդառաջ ենք գնացել գործընկերներին եւ մեր երկրում կոշիկի մակնշման ներդրման ժամկետը հետաձգել ենք 2020 թվականի մարտի 1, եւ ձեզ, հարգելի գործընկերներ, կխնդրեի արագացնել այդպիսի նախաձեռնության ընդունումը, միանալ ընդհանուր շուկայի ձեւավորման համար այս կարեւոր նախագծին»,- հայտարարել է ՌԴ վարչապետը: «Երկրորդը տնտեսությունների թվայնացումն է, որը պոտենցիալ նոր հնարավորություններ է բացում ամենատարբեր ոլորտներում: Ըստ էության, այսօր այստեղ՝ Ալմաթիում ընթացող մեր համաժողովը հենց դրան էլ նվիրված է: Նշեմ, որ ըստ «թվի» մենք բավականին հաջող ենք առաջ ընթանում: Հանձնաժողովը եւ միության գործընկերները քննարկել են մոտ 70 նախաձեռնություն, մեկնարկել են առաջին թվային նախագծերն այնպիսի ոլորտներում, ինչպես արդյունաբերությունը, տրանսպորտը, աշխատաշուկան»,- ասել է Միշուստինը: Նա հայտնել է, որ  նախապատրաստվել է թվային տրանսպորտային միջանցքների էկոհամակարգերի ստեղծման ծրագիր: Այս նախաձեռնության շնորհիվ կկրճատվեն միության տարածքում ուղեւորների եւ բեռնափոխադրումների ժամկետները, ինչը նշանակում է, որ ԵՏՄ տարածքով տարանցումը կդառնա ավելի պահանջված եւ մրցունակ: «Անհրաժեշտ է արգացնել նաեւ ֆիտոսանիտարիայի եւ անասնաբուժության հարցերով  թվային փոխգործակցության կարգավորումը, ստեղծել միասնական համակարգ, որը թույլ կտա հետեւել ապրանքների եւ բեռների տեղաշարժմանը, որոնք ենթակա են կարանտինային եւ անասնաբուժական վերահսկման: Մենք փաստացի անասնաբուժական հավաստագրման գծով այդպիսի աշխատանք ենք ավարտում մեր բելառուս գործընկերների հետ, Ղազախստանի հետ համանման գործընթաց է գործարկվել կարանտինային արտադրանքի գծով: Եթե ջանքերը միավորենք, ապա կկարողանանք մարդկանց պաշտպանել անորակ արտադրանքից եւ մեծացնել այս ոլորտում վերահսկողության արդյունավետությունը»,- ամփոփել է Միշուստինը: ԵՏՄ զարգացման առաջնահերթությունը Միշուստինը արդյունաբերական կոոպերացիայի եվրասիական ցանցի ստեղծման նախագծի արագ իրականացման կոչ է արել: «Կարեւոր է չձգձգել արդյունաբերական կոոպերացիայի եվրասիական ցանցի ստեղծման խոշոր նախագծի իրականացումը, ենթապայմանագրերը եւ տեխնոլոգիաների տրանսֆերը»,- ասել է ՌԴ վարչապետը: Նա նշել է, որ այս նիստում նախատեսվում է որոշում ընդունել այս նախագծի իրականացման ժամկետների եւ դրա ֆինանսավորման ծավալների թարմացման մասին: «Այդ ցանցը պետք է սկսի աշխատել արդեն հաջորդ տարի»,- նշել է նա: Միշուստինը համոզված է, որ «Միության զարգացման կարեւորագույն խնդիրները պետք է անդրադառնան մարդկանց անմիջական շահերի վրա»: «Առողջապահություն, կրթություն, գիտություն, սոցիալական իրավունքներ, բնապահպանություն, սպորտ եւ տուրիզմ՝ Ռուսաստանի Դաշնությունը հենց այս ոլորտներն է առանձնացրել Միության ռազմավարական փաստաթղթերը պատրաստելիս, մենք արդեն համապատասխան առաջարկներ ենք արել՝ մեր նախաձեռնություններին աջակցելու հույս ունենալով»,- ասել է ՌԴ վարչապետը:
 

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր