00:00:00

Վրաստանի առաջին նախագահի որդին դուրս է եկել կոմայից

03:50, 31 հունվար 2020 Աշխարհ

Թուրքական կլինիկայի բժիշկները արհեստական կոմայից հանել են Վրաստանի առաջին նախագահի որդուն՝ Ծոթնե Գամսախուրդիային։ Այս մասին նրա եղբայրը՝ Կոնստանտին Գամսախուրդիան, հայտնել է Facebook-ի իր էջում, հայտնում է «Նովոստի-Գրուզիա»-ն։ «Բժիշկը նրա վիճակը նկարագրում է որպես նորմալ։ Նա ադեկվատ է ընկալում միջավայրը, սակայն արհեստական շնչառության սարքի պատճառով առայժմ չի կարող խոսել։ Շնորհակալ եմ բժիշկներին, նրանք, իսկապես, հնարավոր ամեն ինչ արեցին»,- գրում է Գամսախուրդիան։ Ծոթնե Գամսախուրդիան դեկտեմբերի 19-ի երեկոյան Թբիլիսիի կենտրոնական Գալյան փողոցում հարձակման զոհ էր դարձել։ Ականատեսների խոսքերով՝ մի քանի մարդ հարձակվել են նրա վրա, երբ նա դուրս է եկել տնից։ Ծեծկռտուքի ընթացքում նա դանակի մի քանի հարվածներ է ստացել։ Նույն գիշերը նրան երկու բարդ վիրահատություն են արել, որոնցից հետո Գամսախուրդիան շարունակում էր ծանր վիճակում մնալ։ Բժիշկները չէին բացառում, որ կարող է երրորդ վիրահատությունը պահանջվել։ Ծոթնե Գամսախուրդիայի կինը՝ Աննա Ջաբաուրին լրագրողներին պատմել է, որ Վրաստանում էին գտնվում թուրք բժիշկներ, որոնք գնահատել են իր ամուսնու վիճակը եւ նրան Թուրքիա տեղափոխելու որոշում կայացրել, որտեղ նրան կբուժեն Ստամբուլի ամերիկյան կլինիկաներից մեկում։ Բժիշկների խոսքերով՝ Ծոթնեի մոտ կրծքի աջ կողմում ծակած-կտրած վերքեր են, թափանցող վնասվածք, որի հետեւանքով ծակվել է ձախ թոքի վերին մասը, ծակած-կտրած վերք կա նաեւ ձախ թիակի շրջանում, ինչպես նաեւ չորս վնասվածքներ գլխի շրջանում։ Նրան մոտ յոթ ժամ վիրահատել են։ Վրաստանի առաջին նախագահ Զվիադ Գամսախուրդիայի որդու վրա հարձակման մեջ հինգ կասկածվողներն արդեն կալանավորվել են։ Նրանցից չորսին՝ Տատո Գարիբաշվիլիին, Գեորգի Սոլոգաշվիլիին, Պետրո Կուպարաձեին եւ Կախա Չխետիանիին կանխամտածված սպանության, իսկ Թոռնիկե Կվատաձեին հանցագործության մասին չտեղեկացնելու մեղադրանք է առաջադրվել։ Սոլոգաշվիլին դատարարնում ընդունել է իր մեղքը եւ հայտարարել, որ դանակի հարվածներ է հասցրել Գամսախուրդիային այն բանից հետո, երբ նա առանց պատճառի հարվածել է իրեն։ Դրան նախորդել է խնջույքի ժամանակ հարաբերություններ պարզելը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր