Կոմիլ Ալամժոնովը եւ Ուզբեկստանի նախագահի դուստր Սաիդա Միրզիյոեւան հեռացել են պետության ղեկավարի աշխատակազմի Տեղեկատվության եւ զանգվածային կոմունիկացիաների գործակալության տնօրենի եւ փոխտնօրենի պաշտոններից՝ կապված ոչ պետական հատվածում աշխատելու մտադրության հետ, հայտնում է «Sputnik-Ուզբեկստան»-ը։
Ալամժոնովը եւ Միրզիյոեւան իրենց հեռանալու մասին հայտարարել են նախագահի աշխատակազմի ղեկավար Զայնիլոբիդին Նիզոմիդինովի գլխավորությամբ անցկացվող ընդլայնված նիստի ժամանակ, որը տեղի է ունեցել չորեքշաբթի օրը։
Նրանք իրենց աշխատանքի մասին հաշվետվություն են ներկիայացրել գործակալությանը եւ խոսել են «հասարակական գործունեության հետ կապված» իրենց ապագա ծրագրերի մասին։
«Նիստի վերջում Զայնիլոբիդին Նիզոմիդինովը հատուկ նշել է գործակալության ձեռքբերումները եւ բարձր գնահատել Կոմիլ Ալամժոնովի եւ Սաիդա Միրզիյոեւայի անձնական ներդրումը ԶԼՄ-ների ոլորտում դեմոկրատական բարեփոխումների իրականացման, լրագրողների եւ բլոգերների պաշտպանության մեջ․․․»,-ասվում է հոդվածում։
Տեղեկատվության եւ զանգվածային կոմունիկացիաների գործակալության տնօրենի պաշտոնակատար է նշանակվել Դիլշոդ Սաիջանովը։
Կոմիլ Ալամժոնովը գործակալությունը ղեկավարում էր 2019թ․ փետրվարի 4-ից, Սաիդա Միրզիյոեւան փոխտնօրենի պաշտոնը զբաղեցնում էր անցյալ տարվա ապրիլից։