00:00:00

Honda-ն կորոնավիրուսի պատճառով հետաձգել է Չինաստանում իր 2 գործարանի աշխատանքը

21:04, 28 հունվար 2020 Աշխարհ

Ճապոնական Honda Motor ավտոարտադրող ընկերությունը չինական Նոր տարվա արձակուրդներից հետո կհետաձգի Շանհայի մոտակայքում գտնվող մոտոցիկլետների արտադրության երկու գործարանի աշխատանքի վերսկսումը: Այս մասին տեղեկացնում է РИА Новости գործակալությունը` հղում անելով ճապոնական Asahi թերթին: Չինաստանում Նոր տարին պաշտոնապես նշվում է հունվարի 25-ից փետրվարի 3-ը: Honda-ն որոշել է հետաձգել աշխատանքների վերսկսումը երկու գործարաններում մինչև փետրվարի 9-ը և 10-ը: Այս գործարանները տարեկան համատեղ արտադրում են 850 000 մոտոցիկլետ։ Միևնույն ժամանակ Ճապոնիայի իշխանությունները հաստատել են Ճապոնիայի առաջին քաղաքացու` կորոնավիրուսով վարակված լինելը: Ի միջի այլոց, այդ մարդը վերջին ժամանակներս չի այցելել Չինաստան: Նա ավտոբուսի վարորդ է, որը տեղափոխել է Ուհան քաղաքից Ճապոնիա եկած զբոսաշրջիկների: Ճապոնիայում ներկա դրությամբ նշվում է կորոնավիրուսով հիվանդ 6 մարդու մասին: Ինչպես ավելի վաղ հաղորդել էինք, Չինաստանում կորոնավիրուսի նոր տեսակի առաջացրած թոքաբորբով հիվանդացածների ընդհանուր թիվը հասել է 4515-ի, որից 106-ը մահացել է, ասվում է ՉԺՀ առողջապահության պետական կոմիտեի տարածած հայտարարության մեջ: Հիվանդության դեպքեր են գրանցվել նաև Ավստրալիայում, Վիետնամում, Հարավային Կորեայում, Մալայզիայում, Նեպալում, Սինգապուրում, ԱՄՆ-ում, Թաիլանդում, Ֆրանսիայում, Կամբոջայում և Ճապոնիայում: Մեկ օր առաջ Չինաստանի Ժողովրդական Հանրապետության կանխարգելման և վերահսկման ազգային կենտրոնի գիտնականները շրջակա միջավայրի վերլուծություն են իրականացրել և հաստատել են, որ 2019-nCoV-ի հավանական աղբյուրն Ուհան նահանգի Հուանանի մեծածախ առևտրի շուկան է: Բացի այդ, այն նման է Չժեցզյան նահանգի Չժոուշան քաղաքում բնակվող չղջիկների օրգանիզմի կորոնավիրուսին: Ջերմությունը, հազը, շնչահեղձությունը համարվում են վարակի հիմնական ախտանշանները։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր