00:00:00

Մոսկվայի «Շերեմետևո» օդանավակայանում լքված երեխաների ծնողների ինքնությունը պարզվել է

15:27, 28 հունվար 2020 Աշխարհ

Մոսկվայի «Շերեմետևո» օդանավակայանում երկու երեխաներին լքած հայրը հայտարարել է, որ տղաներին մորը չի վստահել, հայտնում է lenta.ru կայքը: Երեխաների հայրը` Վիկտոր Գավրիլովը, վերջին ժամանակներս անվտանգության մասնավոր ընկերությունում է աշխատել, գործուղումների ժամանակ տղաներին Սոցիալական աջակցության կենտրոնում է թողել, իսկ ավարտից հետո նորից հետ վերցրել: Տղաների մայրը` Օլգան, նախքան վերջնական հեռանալը մի քանի անգամ լքել է ընտանիքը: Կնոջ հարազատները մինչև վերջին պահը նրա գտնվելու մասին տեղեկություններ չեն ունեցել: Վերջիններս պարբերաբար ցանկացել են օգնել երեխաներին, սակայն հայրն արգելել է նրանց հետ շփումը: Ընտանիքը սոցիալական ապահովության մարմիններում և անապահովների ցուցակներում գրանցված չի եղել: Ավելի վաղ ընտանիքի մայրն էլ իր հերթին նշել էր, որ տղամարդը հաճախ է ծեծի ենթարկել իրեն, իսկ ոստիկանությունը ամուսնու կապերի պատճառով ոչ մի քայլ չի ձեռնարկել: Ամուսնալուծությունից հետո դատարանը որոշել է երեխաներին հոր հետ թողնել: Տեղեկությունների համաձայն` կինը նոր ընտանիք ունի և հայտարարել է, որ պատրաստ է երեխաներին իրեն վերցնել, սակայն վերջինիս նկատմամբ քրեական գործ է հարուցված` ծնողական պարտականությունների չկատարման համար: Նշվում է, որ երեխաներին հիվանդանոցում հոգեբաններ ու բժիշկներ են այցելել: Նրանց խոսքով` երեխաները լավ վիճակում են գտնվում, ուրախ են և հեշտ են շփման մեջ մտնում: Երեխաների խնամակալության վերաբերյալ որևէ հստակ որոշում դեռևս չի կայացվել, սակայն նրանց կրկին Խաբարովսկի երկրամաս ուղարկելու մտադրություններ կան: Ինչպես ավելի վաղ նշել էինք, Մոսկվայի «Շերեմետևո» օդանավակայանի աշխատակիցներն առանց ծնողների ուղեկցության երկու երեխայի են նկատել, որոնց, ինչպես ավելի ուշ հայտնի է դարձել, Խաբարովսկի երկրամասից Մոսկվա ժամանելուց հետո լքել է հայրը: Աշխատակիցների խոսքով` 6 և 9-ամյա տղաների պայուսակում երկուսի ծննդյան վկայականներն ու մի գրություն են գտել, ըստ որի` հայրը գումար չունենալու պատճառով է լքել երեխաներին և խոստացել է ավելի ուշ մանկատնից վերցնել նրանց:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր