00:00:00

Թրամփը Բոլթոնին հայտնել է, թե ուզել է սառեցնել Կիեւին օգնությունը, մինչեւ նա օգնի Բայդենի դեմ հետաքննության հարցում

23:58, 27 հունվար 2020 Աշխարհ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը օգոստոսին իր այն ժամանակվա ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնին ասել է, թե ուզում է սառեցնել Կիեւին օգնությունը, մինչեւ ուկրաինական պաշտոնյաները օգնեն դեմոկրատների, այդ թվում նախկին փոխնախագահ Ջո Բայդենի հանդեպ հետաքննությունների հարցում, հայտնում է The New York Times-ը։ Թրամփի հայտարարության մասին ասվում է Բոլթոնի չհրապարակված ձեռագրում, հայտնում է թերթը։ Նոր տվյալները կարող են ուժեղացնել հանրապետականների վրա ճնշումը, որպեսզի Բոլթոնին որպես վկա կանչեն Սենատում Թրամփի իմփիչմենթի գործընթացին։ Հոդվածը, որում թերթը հղում է կատարում ոչ թե ձեռագրին, այլ մի քանի մարդկանց, որոնք հայտնել են Բոլթոնի պատմածը, կարող է խափանել Թրամփի պաշտպանության մասերից մեկը՝ այն փաստարկը, որ Բայդենի եւ նրա որդու՝ Հանթերի հանդեպ հետաքննություն սկսելու Թրամփի խնդրանքը Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկուն «ծառայություն ծառայության դիմաց» չի ենթադրել, հայտնում է Reuters-ը։ Բայդենը ԱՄՆ նախագահի նոյեմբերի 3-ին կայանալիք ընտրություններում Դեմոկրատական կուսակցության կողմից առաջադրվելիք ամենահավանական թեկնածուն է։ Նրա որդին աշխատել է ուկրաինական էներգետիկ ընկերությունում, երբ Բայդենը փոխնախագահ է եղել։ Բոլթոնի փաստաբան Չարլզ Կուպերը ենթադրել է, որ The New York Times-ի հոդվածը համապատասխանում է իրականությանը, եւ հայտնել է, որ դեկտեմբերի 30-ին ինքը Բոլթոնի գրքի ձեռագիրը հանձնել է Ազգային անվտանգության խորհրդին, որպեսզի ստանդարտ կերպով ստուգեն, թե արդյոք չի՞ պարունակում այն գաղտնի տեղեկատվություն։ «Ցավոք, The New York Times-ի այսօրվա հոդվածից ակնհայտ է, որ նախնական գնահատման գործընթացը խեղաթյուրվել է, եւ որ տեղեկատվությունը, բացի գնահատմանը պատշաճ կերպով մասնակցած մարդկանցից, այլ մարդկանց է փոխանցվել»,- ասել է Կուպերը։ Թրամփը հերքում է իր կողմից ցանկացած խախտում եւ իմփիչմենթի գործընթացը «սուտ» է անվանում։ «Ես երբեք Ջոն Բոլթոնին չեմ ասել, որ Ուկրաինային օգնությունը կապված է դեմոկրատների, ներառյալ Բայդենի հանդեպ հետաքննությունների հետ»,- Twitter-ում գրել է Թրամփը։ «Իրականում նա երբեք դրանից չի բողոքել իր ծայրահեղ հրապարակային ազատման ժամանակ։ Եթե Ջոն Բոլթոնն ասել է դա, ապա միայն, որ գիրքը վաճառի»,- հավելել է նա։ Սպիտակ տունը, որը հանրապետականների առաջնորդների հետ միասին դիմադրում է Սենատ վկաներ կանչելու գործընթացին, դեռեւս չի պատասխանել The New York Times-ի տեղեկատվությունը մեկնաբանելու խնդրանքին, չի պատասխանել նաեւ Ջեյ Սեքուլոուն, որն օգնում է ղեկավարել Թրամփի պաշտպանությունը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր