00:00:00

Մակրոնը համաձայնվել է թվային հարկի հավաքագրումը հետաձգել մինչեւ տարեվերջ

16:24, 21 հունվար 2020 Աշխարհ

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը ԱՄՆ առաջնորդ Դոնալդ Թրամփի հետ հեռախոսային զրույցից հետո համաձայնվել է հետաձգել երկրում թվային հարկի հավաքագրումը: Այս մասին նշված է The Wall Street Journal պարբերականում հրապարակված հոդվածում: ԱՄՆ պաշտոնատար անձանց շրջանում պարբերականի աղբյուրների փոխանցմամբ՝ Մակրոնը Թրամփին զանգահարել էր կիրակի: Զրույցի ժամանակ նա համաձայնվել է մինչեւ ընթացիկ տարեվերջ հետաձգել նշված հարկի գանձումը: Թրամփը հայտարարել է, որ այս տարի առեւտրային տուրքեր չի սահմանի Ֆրանսիայից ներմուծվող ապրանքների վրա: Կողմերը պայմանավորվել են խորհրդակցություններ անցկացնել թվային հարկին առնչվող հարցերով: «Ամերկացի պաշտոնյաների խոսքով՝ Մակրոնը զիջել է Թրամփի կողմից գործադրվող ճնշմանը»,- նշված է հրապարակման մեջ: Պարբերականի տեղեկություններով՝ Մակրոնն ավելի վաղ Բեռլինում հանդիպել էր Թրամփի ազգային անվտանգության հարցերով օգնական Ռոբերտ Օ՛Բրայենի հետ: Վերջինն իբր ֆրանսիացի առաջնորդին ասել է, որ թվային հարկը կարող է հանգեցնել Փարիզի եւ Վաշինգտոնի միջեւ «առեւտրային պատերազմի», ինչպես նաեւ ԱՄՆ-ի եւ ԵՄ-ի միջեւ: Հոդվածում նշվում է, որ այս հարցով կողմերի միջեւ խորհրդակցությունները շարունակվելու են Դավոսի տնտեսական համաժողովի շրջանակում ֆինանսների նախարարների մակարդակով: Պարբերականը նշում է, որ ֆրանսիացի պաշտոնատար անձանց թվում աղբյուրը հստակեցրել է, որ Մակրոնը չի համաձայնվել նշված հարկն ամբողջությամբ չեղարկել: Ֆրանսիական կողմը կարող է դադարեցնել հարկի գանձումը պետությունների միջեւ խորհրդակցությունների ժամանակհատվածում, հստակեցրել է աղբյուրը: 2019 թվականի հուլիսի 11-ին Ֆրանսիայի Սենատը (խորհրդարանի վերին պալատ) ընդունել էր թվային ծառայություններ մատուցող խոշորագույն ընկերությունների հարկման մասին օրինագիծ: Այս հարկը վերաբերում է համացանցային հսկաների շահույթին, որ ստացվել է 2019 թվականի հունվարի 1-ից հետո եւ կազմում է Ֆրանսիայում ընդհանուր շրջանառության 3 տոկոսը: Դրա գործողությունը տարածվում է բոլոր ընկերությունների վրա, որոնց շրջանառությունը գերազանցում է աշխարհում 750 մլն եվրոն եւ Ֆրանսիայում 25 մլն եվրոն, ինչպես նաեւ ընկերությունների վրա, որոնց գործունեության ոլորտն ընդգրկում է առցանց գովազդը, համացանցային առեւտուրը կամ տեղեկատվության ագրեգատորների աշխատանքը: Անցյալ տարվա դեկտեմբերի սկզբին առեւտրային բանակցություններում ԱՄՆ ներկայացուցչի աշխատակազմից հայտարարել էին, որ Փարիզի կողմից ամերիկյան ընկերությունների դեմ թվային հարկի սահմանման հետ կապված Վաշինգտոնը կարող է ֆրանսիական 2,4 մլրդ դոլարի ապրանքների համար մաքսատուրքեր մտցնել: Այդ ապրանքների ցանկի մեջ էին մտնում կաթնամթերքը, ներառյալ պանիրը, ինչպես նաեւ փրփրուն գինին, կոսմետիկան, պայուսակները եւ ճենապակե արտադրանքը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր