1in.am-ը գրում է․ Երևանի ընդհանուր իրավասության դատարանի՝ Նոր Նորք վարչական շրջանում գտնվող նստավայրում Վարդան Ա. Գրիգորյանի նախագահությամբ շարունակվեց Սամվել Ա.-ի գործով դատական քննությունը:
Ըստ մեղադրանքի՝ Սամվել Ա.-ն գործով պարզված ու չպարզված «մի խումբ մարդկանց հետ ուղղակի դիտավորությամբ նախապատրաստել է» Վանաձորի բնակիչ, «Շալո» մականունով հայտնի Շալիկո Մ.-ի սպանությունը:
Սամվել Ա.-ին մեղադրանք է առաջադրվել խմբի կազմում պատվերով սպանության նախապատրաստության համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 35-104 հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետով:
Ըստ տեղեկությունների՝ Վանաձորում բնակվող «հեղինակության»՝ «Շալոյի» սպանությունը ծրագրվել էր 2017 թվականի գարնանը: Հայաստան էր հրավիրվել դիպուկահար, որը լինելով ՀՀ քաղաքացի, վերջին տարիներին բնակվել էր արտերկրում։
Դիպուկահարը Հայաստան էր ժամանել 2017 թվականի ապրիլի 19-ին, մի քանի օր մնացել էր օդանավակայանին հարակից հյուրատներից մեկում, իսկ ապրիլի 24-ին հանցակցի հետ տեղափոխվել էր Վանաձոր, որտեղ բնակվել էին նախապես վարձակալված բնակարանում։
Նախաքննության տվյալներով՝ մինչ դիպուկահարը կիրականացներ պատվերը ու կսպաներ «Շալոյին», վարձակալված բնակարանում սպանել էին… հենց դիպուկահարին…
Այդ դիպուկահարի՝ Եվգենի Կ.-ի դին հայտնաբերվել էր 2017 ապրիլի 29-ին Երեւանում, Սիլիկյան թաղամասի գերեզմանատանը՝ բռնության բազմաթիվ հետքերով։
Հետագայում պարզվել էր, որ Եվգենին սպանվել էր Վանաձորում՝ վարձակալված բնակարանում, այնուհետև հետքերը թաքցնելու նպատակով նրա դին տեղափոխել էին Երեւան։ Սպանվածի մոտ չկային փաստաթղթեր, որոշ ժամանակ չէր հաջողվել պարզել նրա ինքնությունը, մինչդեռ նա նախկինում եղել էր… ոստիկանության աշխատակից։
Եվգենի Կ.-ի սպանությունը բացահայտված չէ, բայց քննության ընթացքում բացահայտվել էր «Շալոյի» սպանության նախապատրաստությունը, և մեղադրանք էր առաջադրվել Երեւանի բնակիչ Սամվել Ա.-ին։
Ըստ նախաքննական տվյալների՝ Սամվել Ա.-ն ճանաչել էր Եվգենիին եւ հրավիրել էր Հայաստան՝ «Շալոյի» սպանության իրականացման համար…
Քրեական գործը բաղկացած է 13 հատորից: Դատակոչված է 22 վկա: Դատական այս նիստին ևս դատարան չէր ներկայացել գործով տուժողի կարգավիճակ ունեցող Շալիկո Մ.-ն:
Նախորդ դատական նիստում ամբաստանյալի շահերի պաշտպան, փաստաբան Ա. Ծառուկյանը հայտարարել էր, որ տուժողի կարգավիճակ ունեցող Շալիկո Մ.-ին պաշտպանական կողմը «տուժող» չի համարում, ինքը՝ Շալիկո Մ.-ն, «մեկուսացել է» իր իրավունքից՝ հայտարարելով, թե իրեն… տուժող չի համարում:
Նախորդ դատական նիստում պաշտպանական կողմը բացարկ էր հայտնել գործով մեղադրող դատախազ Վ. Սարգսյանին: Նախագահողը, դատավարության կողմերին լսելով, հեռացել էր խորհրդակցական սենյակ:
Դատական այս նիստի սկզբում նախագահողը հրապարակեց կայացրած որոշումը. դատախազին բացարկ հայտնելու՝ պաշտպանների միջնորդությունը մերժվեց անհիմն լինելու պատճառաբանությամբ:
Նախորդ դատական նիստի ավարտին մեղադրող դատախազը հայտարարել էր, թե կարևոր միջնորդություն ունի անելու: Պաշտպանական կողմը դատական այս նիստի սկսվելուց առաջ դատարանի գրասենյակում մուտք էր արել գրավոր միջնորդություն, ինչի մասին դատավարության կողմերին տեղեկացրեց նախագահող դատավորը: Նիստից դուրս պաշտպաններից՝ Ա. Ծառուկյանը չթաքցրեց, որ իրենց միջնորդությունը շտապել են դատարանի գրասենյակում մուտքագրել ու այդ միջնորդության քննարկման առաջնահերթությունն ապահովել, որպեսզի մեղադրողի միջնորդությունից առա՛ջ կատարեն պաշտպանական կողմի համար կարևոր տվյալ միջնորդությունը, որի դրական լուծումը ամբաստանյալի վիճակի բարելավման կարող է հասցնել: Պաշտպանի այս «խոստովանությունից» դատախազը նեղսրտեց: Պաշտպանները միջնորդել էին հանցակազմի բացակայության հիմքով կարճել քրեական գործի վարույթը:
Երբ նախագահողը տեղեկացրեց պաշտպանական կողմի կատարած քայլի, գրասենյակի միջոցով ներկայացրած միջնորդության մասին ու ձայնը տվեց պաշտպաններին, որ ներկայացնեն միջնորդությունը, մեղադրող դատախազ Վ. Սարգսյանը հանդես եկավ հայտարարությամբ: Դատախազն առարկեց պաշտպանների գործողությունների դեմ՝ նշելով, թե պաշտպանները «դատավարական նորմերը շրջանցելու» վարքագիծ են դրսևորում: Ըստ դատախազի կողմից «դատավարական նորմերի մեկնաբանության»՝ առաջինը տվյալ փուլում դատարանը պիտի մեղադրանքի կողմի՛ն հարցներ՝ միջնորդություններ կա՞ն, և մեղադրող դատախազը պետք է առաջի՛նը հանդես գար միջնորդությամբ: Մեղադրող դատախազը նշեց՝ եթե դատարանը թույլ տա, որ այս փուլում առաջինը միջնորդությունը ներկայացնի պաշտպանական կողմը, կնշանակի՝ մեղադրանքի կողմը «իր հերթը զիջեց» պաշտպանական կողմին՝ թույլ տալով պաշտպանների միջնորդության առաջնահերթ քննարկում:
Դատավարության կողմերի «միջնորդավեճին» վերջակետ դրեց դատարանը: Նախագահողը շեշտեց՝ թույլ տվեք չհամաձայնել մեղադրողի հայտնած տեսակետին… Նախագահողն ընդգծեց՝ ելնելով դատական քննության մրցակցային սկզբունքից՝ դատարանի համար որևէ կողմ առավելություն կամ առաջնահերթություն չունի: Ինքը՝ դատավորը, առանձնապես կողմ չէ, որ միջնորդությունները նախ մուտք արվեն դատարանի գրասենյակ, ա՛յդ միջոցով ներկայացվեն դատարանին, բայց քանի որ տվյալ դեպքում պաշտպաններն իրենց միջնորդությունը արդեն իսկ մուտք են արել, և միջնորդությունը փոխանցվել է դատարանին, ապա դատարանը պարտավոր է այն քննարկման դնել:
Շարունակությունը՝ այստեղ։