00:00:00

Ալժիրում կանցկացվեն նախագահական ընտրություններ

14:59, 12 դեկտեմբեր 2019 Աշխարհ

Ալժիրում նախագահական ընտրությունները կանցկացվեն հինգշաբթի, որոնք կոչված են վերջ տալու ձգձգված եւ չափազանց սուր հասարակական-քաղաքական ճգնաժամին: Դրանց արդյունքներով հայտնի կդառնա երկիրը 20 տարի կառավարած եւ 2019 թվականի ապրիլին հրաժարական ներկայացրած նախկին նախագահ Աբդելազիզ Բուտեֆլիկայի հաջորդի անունը, փոխանցում է ՏԱՍՍ-ը: Հատուկ ստեղծված Անկախ ազգային ընտրական մարմնի տվյալներով, որն իրականացնում է անցկացվող ընտրությունների ընդհանուր ղեկավարումն ու վերահսկումը, ավելի քան 24,4 մլն ալժիրցիներ իրավունք ունեն իրենց ձայնը տալու թեկնածուներից մեկին: Երկրի ամբողջ տարածքում ընտրական գործընթացի ապահովման համար բացվել են 61 հազարից ավելի ընտրական տեղամասեր: Դեկտեմբերի 7-ից արդեն տեղամասերն աշխատում են արտասահմանում Ալժիրի դիվանագիտական եւ հյուպատոսական հաստատություններում, որտեղ կարող են իրենց կամքն արտահայտել ավելի քան 914 հազար ալժիրցիներ: Ընտրական մարմնից հայտնել են, որ ցուցակների մեջ ընդգրկված ընտրողների մեծամասնությունը բնակվում է Ֆրանսիայի տարածքում: Դեկտեմբերի 9-ին քվեարկությունը մեկնարկել է Ալժիրի հարավային առանձին շրջաններում, որտեղ գործում են շարժական ընտրական տեղամասեր: Ալժիրում նախագահական ընտրությունները նախապես նախատեսված էին հուլիսի 4-ին, սակայն Սահմանադրական խորհուրդը հայտարարել էր դրանց անցկացման անհնարինության մասին՝ թեկնածուներ չլինելու պատճառով: Պետության ղեկավարի գործառույթները շարունակում է կատարել ժամանակավոր նախագահ Աբդելքադեր Բենսալեհը: Ալժիրում ճգնաժամը սկսվել է փետրվարի 22-ից, երբ ամբողջ երկրում մեկնարկեցին մինչեւ հիմա չդադարող բողոքի բազմահազարանոց ցույցեր եւ հանրահավաքներ: Դրանց մասնակիցները դեմ էին հանդես գալիս նոր ժամկետում առաջադրվելու Բուտեֆլիկայի մտադրությանը, դրանից բացի՝ պահանջում էին քաղաքական վերնախավի անհապաղ հեռացում, քաղաքացիների իրավունքների եւ ազատությունների ապահովում, արմատական սոցիալ-տնտեսական փոփոխությունների անցկացում՝ ուղղված կյանքի որակի բարձրացմանը, տնտեսության աճի ապահովում եւ գործազրկության մակարդակի նվազեցում, առաջին հերթին երիտասարդների շրջանում: Փողոցային զանգվածային ցույցերի, ինչպես նաեւ զինվորական վերնախավի ճնշմամբ Բուտեֆլիկան ապրիլի 2-ին ստիպված էր հրաժարական տալ՝ բարձրագույն պաշտոնին լինելով 1999 թվականից: Նրա հեռանալուց հետո իշխանական վերնախավում սկսվեց լուրջ միջկլանային պայքար, որի հետեւանքը դարձան հնչեղ հակակոռուպցիոն գործերը եւ դեռեւս մինչեւ վերջերս միանգամայն ազդեցիկ անձանց կալանավորումները, ներառյալ նախկին վարչապետների, կառավարության անդամների, օլիգարխների եւ հատուկ ծառայությունների նախկին ղեկավարների:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր